×

Շուշիի «Արամ Մանուկեան Ճամբար»

2005-07-01 | Naregatsi Art Institute

Շուշիի «Արամ Մանուկյան Ճամբար»-ը հիմնադրվել է 2005 թվականին:

Շամլյանների ընտանիքը բացառիկ է, քանի որ ամեն ամառ Կանադայից գալիս է Հայաստան և կատարում իր բարի առաքելությունը:

Հայդուկ և Աիդա Շամլյանները իրենց երկու զավակների՝ Տեսիլի և Պատրոյգի հետ դեռևս 2004թ.-ին այցելել են Արցախ և սիրահարվել այդ հողին ու ջրին:

Նրանց նախաձեռնությամբ, ծրագրումով և գործադրությամբ, Շուշիում 2005 թվականին հիմնադրվել է և այդ օրվանից ի վեր գործում է «Արամ Մանուկյան ճամբարը», որտեղ հաճախող երեխաների թիվը տարեցտարի աճում է:

Ճամբարը իր հարկի տակ է ընդունում տարբեր տարիքային խմբերի: Յուրաքանչյուր երեխա ճամբար է հաճախում մեկ շաբաթ ( շաբաթ և կիրակի օրերը ներառյալ), որից հետո հերթափոխություն է տեղի ունենում, այնուհետև երեխաների նոր խումբ է գալիս: Ամեն խմբում լինում է մոտավորապես 150 երեխա, որոնց թիվը տարեցտարի ավելանում է: Ճամբարն ունի մոտ 60 պատանիներից բաղկացած սիրահոժար կամավորների ջոկատ, ովքեր տարիքի բերումով դարձել են Ճամբարի «շրջանավարտներ»:

Սահմանված տարիքում ճամբար հաճախել ցանկացող ոչ մի երեխա երբեք չի մերժվում և մասնակցում է ճամբարին: Իսկ մասնակցությունը, անշուշտ, լիովին անվճար է:

Նախաձեռնության նպատակն ու առաքելությունն է սահմանամերձ և Հայաստանի համար շատ կարևոր Արցախի երեխաների օրը, առօրյան ավելի հետաքրքիր, գունեղ և հագեցած դարձնել, ինչ -որ կերպ նպաստել նրանց անհոգ մանկության ծաղկմանը:

Ծրագիրը պատրաստված է մշակույթի, արվեստի, ազգի ու հավատքի հիմունքների վրա: Այն ընդգրկում է դաստիարակչական և զվարճալի բազմաթիվ խաղեր, կրթական և մարզական բազմատեսակ զբաղմունքներ, մշակութային արտահայտման պահ, ճաշ, խաղի ձևով գիտական փաստարկումներ, իմաստալից շարժանկարի ներկայացում և ձեռքի աշխատանքների և գեղարվեստի հատուկ ու ճոխ բաժին։

Արդեն մի քանի տարի է, որ Աիդա և Հայդուկ Շամլյանների այս հատուկ առաքելությանը կանոնավոր թիկունք են կանգնում վերջիններիս ընտանիքի հարազատներն ու ընկերները ոչ միայն Կանադայից, այլև աշխարհի ամեն կողմից:

Առաջին երկու տարիներին ճամբարն անցկացվել է Շուշիի նախկին դպրոցի մի փլուզված շենքում, որը հետագայում վերանորոգվել է և դարձել Մշակույթի նախարարության շենք: 2007 թվականից ի վեր «Նարեկացի» արվեստի միության հիմնադրի՝ Նարեկ Հարությունյանի առաջարկով «Արամ Մանուկյան ճամբարը» իրականացվում է «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնում:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։