Հրեական երաժշտության և պոեզիայի օրեր
2007-01-20 | Naregatsi Art Institute
2007թ-ի սեպտեմբերի 9-18ը «Նարեկացի» արվեստի միությունը (ՆԱՄ) Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ (ԲՀԻՕՀ) «Ազգային փոքրամասնությունների մշակույթը» նախագծի շրջանակներում իրականացրեց «Հրեական երաժշտության եւ պոեզիայի օրեր» ծրագիրը։ Նախագծի նպատակն է հասարակությանը ներկայացնել Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների (վրացիներ, ռուսներ, հրեաներ, հույներ եւ այլն) մշակույթը, եւ այն մեկնարկվեց հրեական ծրագրով։ Այս առիթով Երեւանում` ՆԱՄ, Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տան եւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճներում (սեպտեմբերի 9-ին,16-ին եւ 18-ին), Գյումրիում` արվեստների ակադեմիայի դահլիճում (սեպտեմբերի 10-ին), Վանաձորում` Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու միջոցառումների դահլիճում (սեպտեմբերի 11-ին) եւ Կապանում` արվեստի պետական քոլեջում (սեպտեմբերի 13-ին) անցկացվեցին համերգներ, որոնց ընթացքում կատարվեցին ծագումով հրեա կոմպոզիտորների, գրողների ստեղծագործություններ (Ֆ. Մենդելսոն, Վ. Վայներ, Մ. Բրուխ, Է. Բլոխ, Մ. Բրուներ, Բ. Պաստերնակ, Մ. Շագալ, Օ. Մանդելշտամ)։ Նախագծում ներգրավված էին ասմունքողներ Աննա Միքայելյանը, Տաթեւիկ Դանիելյանը, ՆԱՄ-ի «Նարեկացի» կամերային երաժշտության ընկերության երաժիշտները /գեղ. ղեկավար Արամ Թալալյան/, դաշնակահարներ Անահիտ Ներսիսյանը, Արթուր Ավանեսովը, Միքայել Բալյանը, Նաիրա Իսրայելյանը եւ ուրիշներ։ Բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 9-ին ՆԱՄ-ում։ Ներկա էին հրեական համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, արվեստագետներ, ազգային փոքրամասնությունների այլ ներկայացուցիչներ։ Համերգների ընթացքում առանձին հարցազրույցներում իրենց տպավորություններն հայտնեցին կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը, Վիլլի Վայները, Լեւոն Չաուշյանը, Միքայել Կոկժաեվը, Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը, Կապանում ռուսական համայնքի ղեկավար Գալինա Աղախանյանը, գրողներ, երաժշտագետներ եւ, պարզապես, արվեստասերներ։ «Հրեական երաժշտության եւ պոեզիայի օրեր» ծրագիրը մեծ ընդունելության արժանացավ հատկապես մարզերում, որտեղ հնչեցին նաեւ ստեղծագործություններ,որոնք առաջին անգամ էին ներկայացվում Հայաստանում։
«Ազգային փոքրամասնությունների մշակույթը» նախագիծը կարեւոր է նրանով, որ Հայաստանում ապրող տարբեր ազգեր հերթական անգամ միմյանց հետ երկխոսության մեջ են մտնում մշակույթի լեզվով, բացի այդ, ծրագրում ընդգրկված էին հիմնականում երիտասարդ արվեստագետներ, որոնց սատարելը եւ ոգեւորելը ՆԱՄ-ի կարեւորագույն նպատակներից է։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։