×

Միջոցառումների շարք՝ Ավագ շաբաթվա խորհրդով

2011-04-18 00:00 | Naregatsi Art Institute

Ապրիլի 18-ին Նարեկացի Արվեստի Միությունում Ավագ Երկուշաբթի օրվա խորհուրդը ավետեց Արթուր սարկավագ Սարգսյանը: Դրան հաջորդեց երիտասարդ կոմպոզիտորների համերգը՝ «NO. 2» խորագրի ներքո. հնչեցին Արսեն Բաբաջանյանի, Գևորգ Բադալյանի, Քաջիկ Գրիգորյանի ստեղծագործությունները՝ սոնատ ալտի և դաշնամուրի համար, սոլո սոնատ թավջութակի համար, վոկալ շարք, դաշնամուրային պիեսներ:

Ապրիլի 19-ին Ավագ Երեքշաբթի օրվա խորհուրդն ավետեց Էմին սարկավագ Խաչատրյանը: Այնուհետև կայացավ զրույց՝ «Զատիկի ավետիսներ» թեմայով: Քննարկման նյութ դարձան ժողովրդական ավանդույթներն ու զատկական ուտեստները: Իսկ համերգային ելույթով հանդես եկավ «Նուբար» ավանդական երգի-պարի խումբը՝ Լուսինե Նազարյանի ղեկավարությամբ: Համույթը հարստացրեց միջոցառումը ժողովրդական երգերով ու խաղիկներով:

Ապրիլի 20-ին Ավագ Չորեքշաբթի օրվա խորհուրդն ավետեց Սեյրան սարկավագ Խազարյանը: Դրան հաջորդեց «Նահապետ» ֆիլմի ցուցադրությունը: Դրամա ժանրի այս ժապավենն արտադրվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից 1977-ին, տևողությունը՝ 91 ր.: Ֆիլմի ռեժիսորը Հ. Մալյանն է, գլխավոր դերերը մարմնավորել են Ս. Սարգսյանն ու Մ. Մկրտչյանը:

Ապրիլի 21-ին միջոցառման սկիզբը նշանավորվեց «Հրաշագործը» («Чудотворец») ֆիլմի ցուցադրությամբ: Ժապավենի ռեժիսորներն են Ս. Սոկոլովը՝ Ռուսաստանից, և Հ. Հայեսը՝ Մեծ Բրիտանիայից: Անիմացիա, կենսագրություն, դրամա ժանրի այս կինոնկարն ստեղծվել է 2000-ին, տևողությունը՝ 80ր.: Ֆիլմը պատմում է Հիսուս Քրիստոսի կյանքի և նրա հրաշագործությունների մասին: Ցուցադրությունը կայացավ ռուսերենով:

Դրան հաջորդեց «Մայրիկ» Ֆիլմի ցուցադրությունը, որը նկարահանվել է «Ու՞ր ես, մայր իմ» հոգևոր երգի հիման վրա: Վերջինս կատարում է Ռոզի Ֆիդանյանը (սոպրանո): Ֆիլմում ասերգվում են հատվածներ «Մատյան ողբերգության» պոեմի ֆրանսերեն թարգմանությունից: Ժապավենի ռեժիսորներն են Ստեֆան Զինբերգը՝ Ֆրանսիայից, և Միրան Ստեփանյանը՝ Հայաստանից, օպերատոր` Ռաուլ Ֆերնանդես (Պորտուգալիա): Դերերում` Ջիֆա, Դևոն Թի, Ռոզի Ֆիդանյան (Ֆրանսիա-Հայաստան): Կինոնկարը ստեղծվել է 2011-ին, տևողությունը՝ 5 ր.:

Ապրիլի 22-ին կայացավ հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության համերգ: Ելույթով հանդես եկավ «Լույս» վոկալ հնգյակը` կատարելով Կոմիտասի, Կարա Մուրզայի, Կարո Չալիկյանի, Վահան Արծրունու ստեղծագործություններից:

Ապրիլի 23-ին կայացավ հայրենասիրական, հայ հոգևոր և գերմանական ժողավրդական երգերի համերգ: Ելույթ ունեցան Լիանա Հարությունյանն ու Գայանե Ավդալյանը: Միջոցառումների նախաձեռնությունը պատկանում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միությանը:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։