Հայոց մեծ եղեռն. ոգեկոչում արվեստի շնչով
2012-04-24 17:00 | Naregatsi Art Institute
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ապրիլի 24-ին Նարեկացի Արվեստի Միությունում տեղի ունեցավ Հայոց մեծ եղեռնին նվիրված հիշատակի երեկո: Միջոցառումը կազմված էր համերգային հատվածից և ցուցահանդեսից:
Համերգին ելույթ ունեցան Վահան Արծրունին, Հասմիկ Բաղդասարյանը (սոպրանո), Նելլի Մանուկյանը (ֆլեյտա), «Կոնցենտուս» լարային քառյակը (գեղ. ղեկավար` Ալեքսանդր Կարախանյան), «Նարեկացի» ժողնվագարանների համույթը (գեղ. ղեկավար` Հովիկ Սահակյան), «Միհր» թատրոնը (գեղ. ղեկավար` Ցոլակ Մլքե-Գալստյան) և «Փարոս» երգչախումբը (գեղ. ղեկավար` Րաֆֆի Միքայելյան):
Միջոցառման շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեցին Անդրանիկ Պողոսեանի քանդակները, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի, «Փրկություն» hաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոն ՀԿ-ի, «Ծիլ բուսաց» ներդաշնակ զարգացման կենտրոնի, հատուկ կարիքներով մարդկանց աջակցման «Շող» ստեղծագործական կենտրոնի և Լեդի Քոկսի անվան վերականգնողական կենտրոնի սաների աշխատանքները:
Միջոցառմանը հաջորդեց լռության երթը դեպի Ծիծեռնակաբերդ:
«Միհր» թատրոնի դերասանական կազմից բաղկացած 24 հոգանոց թափորի անձայն երթի լռության միակ խախտողներն Արագածոտնի մարզի Արայի գյուղի՝ Սուրբ Մարիամին և Եղիսաբեթին նվիրված մատուռից բերված զանգի ղողանջներն էին: Դրանք, ըստ «Միհր»-ի գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանի, խորհրդանշում էին անլռելի զանգակատան գաղափարը:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։