×

Համերգ՝ նվիրված Մոնթե Մելքոնյանի 55-ամյակին

2012-11-25 19:00 | Naregatsi Art Institute

Նարեկացի Արվեստի Միությունում նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Մոնթե Մելոքոնյանի 55-ամյակին: Համերգի ընթացքում հնչեցին հայկական հայրենասիրական և ժողովրդական ստեղծագործություններ: Միջոցառման նախաձեռնությունը պատկանում էր «Forte» հաշմանդամների գիտամշակութային կազմակերպության երաժշտական ինքնագործ խմբին:
Կերգենք, որ կրկին արթնանաս, կերգենք, որ արթնանանք մենք

Պատահական չէր, որ Արցախյան պատերազմի և ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի 55 –ամյակին նվիրված միջոցառումը “Նարեկացի” արվեստի միության բեմում սկսվեց հայտնի “Զարթիր լաո …” ռազմա-հայրենասիրական երգով: Այն թերևս սթափության ու արթնացումի կոչ էր, որ նախաձեռնել էր Forte հաշմանդամների գիտամշակութային կազմակերպության երաժշտական ինքնագործ խումբը:

Իսկական ազգային հերոսի ոգեկոչման երեկո, որի ընթացքում ներկայացվեց լեգենդար հերոս Մոնթե Մելքոնյանի կենսագրությունը, մտքերն ու ասույթները, ռազմա-հայրենասիրական երգեր, նաև Մոնթեյի մասին գրված երգեր, բանաստեղծություններ և այդ ամենը մեծ հուզականությամբ ու ոգևորությամբ: Հանդիսատեսը ցնցված էր: Երեկոն հուզական մեծ էներգիա փոխանցեց ներկաներին: Ըստ Forte հաշմանդամների գիտամշակութային հասարակական կազմակերպության նախագահ Սիփան Ասատրյանի` միջոցառումը զուտ կրթական ու ճանաչողական նպատակ ուներ:

- Մոնթեն իր գաղափարների ու իր հայրենիքի ամենամեծ նվիրյալներից մեկն է ու ինձ համար ազգասիրության ամենամեծ օրինակն է, ես կուզեի, որ բոլոր հայերը նրա գաղափարների գոնե 10%- ի կրողը լինեին, - ասում է Սիփան Ասատրյանը:

Միջոցառմանը ներկա էր նաև ազատամարտիկ, կենդանի լեգենդ Ալեք Ենիգոմշյանը, ով միջոցառման ավարտին իր խոսքով դիմեց ներկաներին.

- Ես իսկապես հուզված եմ… Մոնթեն անզուգական մարտիկ ու հրամանատար էր, նա ոչ մեկից մեծարանք չի սպասում, մեր ընկերները չմեծարեցին նրան, այլ սրտից բխած , զուսպ ու ճաշակով նվեր մատուցեցին, որը նրա 55- ամյակի , միգուցե, ամենաթանկագին նվերն էր, - ասաց ազատամարտիկը, ավելացնելով , որ նա տեսավ Հայաստանի այն որակը, որը Մոնթեն նույնպես կցանկանար տեսնել, այն է` ստեղծագործ, բարձր ճաշակով ու մշակույթով ապրող մարդկանց հայրենիք:
Ազատամարտիկ, ‘Կարին” համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը իր խոսքում նշեց.

- Մենք ուժեղ ազգ ենք, եթե այս տղաներն ու աղջիկները ֆիզիկական խնդիրներ ունենալով կարողանում են ավելի ուժեղ լինել, քան այն տականքները, որ Մոնթեի, Լեոնիդի ու բազում հերոսների արյունով թաթախված բազկաթոռներին բազմած ոչնչով չեն զբաղվում , բացի երկիրը թալանելուց, ուրեմն մենք անպարտելի ենք, որովհետև կարող ենք այսպիսի զավակներ ունենալ:

“Նարեկացի” արվեստի միության հիմնադիր տնօրեն Նարեկ Հարթունյանը ողջունելով հյուրերին նշեց, որ Մոնթեի կինը` Սեդա Մելքոնյանը եղել է “Նարեկացի” արվեստի միության առաջին տնօրենը:

- Ձեր շնորհիվ Մոնթեի ոգին մեզ հետ է,- ասաց նա ,- մենք խոնարհվում ենք նրա առաջ, ՆԱՄ –ի համար մեծ պատիվ է, որ այս քաղաքում կան ձեզ պես հերոսներ` Forte , լավ էլ ընտրել եք ձեր անունը, հզոր եք, ես չգիտեմ որևէ այլ տեղ, ուր նշում են նրա ծննդյան օրը , բայց մենք այսօր միասին ենք, դուք նրա ոգին բերեցիք մեզ, մենք երախտապարտ ենք ձեզ:

Միջոցառման ավարտին Նարեկ Հարթունյանը Forte հաշմանդամների գիտամշակութային կազմակերպության երաժշտական ինքնագործ խմբին նվիրեց “Նարեկացի” արվեստի միության խորհրդանշական նվերները:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։