Համերգ՝ զինվորների համար
2016-08-21 19:00 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միության «Նարեկացի» նվագախումբը յուրահատուկ համերգային ծրագրով հանդես եկավ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում տեղակայված N զորամասում։
-Սիրելի՛ զինվորներ, ձեր ոգին հզորացնելու համար այսօր այստեղ է «Նարեկացի» արվեստի միության «Նարեկացի» նվագախումբը,- զորամասի հրամանատար փոխգնդապետ Հարություն Խառատյանի այս խոսքերով մեկնարկվեց համերգը:
Այնուհետև խոսեց ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարությունյանը՝ «Նախ և առաջ ուզում եմ կիսվել այն զգացմունքներով, որոնք այժմ ապրում ենք: Տիրոջ ցանկությամբ և Նժդեհի առաջնորդությամբ մենք հայտնվել ենք այս սահմանամերձ վայրում՝ ձեզ փոխանցելու մեր ազգի մշակութային ժառանգությունը: Այս միջոցառման գաղափարն առաջացավ մի աղջկա շնորհիվ , ով եկեղեցու համար միջոցառումներ է կազմակերպում, ու երբ նա ասաց, որ հայ զինվորների համար համերգ է ուզում կազմակերպել, մենք իսկույն համաձայնեցինք:
Ես մտածում էի՝ բացի այդ էլ ինչ կարելի է անել մեր այն զինվորների համար, որոնք կանգնած են թշնամուց 10 կիլոմետր այս կողմ: Միակ բանը, որ կարող էի անել, այն էր, որ աղոթքով դիմեցի Գարեգին Նժդեհին, քանի որ նրա խոսքերն իրոք ունեն աստվածային ուժ, հայրենասիրական վեհություն, ազգային արժանապատվության հմայք… Եվ երբ մտա զորամաս ու տեսա Նժդեհի նկարը, խոսքերը…
Այս սրահում իդեալական է ամեն ինչ դասավորված. սկսում եք Մեսրոպ Մաշտոցով՝ հավատքով և շարունակում նժդեհյան ոգով… Հրաշալի է… Զինվորների թույլտվությամբ ես կկիսվեմ մեծ Նժդեհի խոսքերով.
«Հավատքիս և պաշտամունքիս տաճարում միշտ էլ առաջին տեղերը հատկացված են եղել Աստծուն և հայրենիքիս: Հայաստանն է եղել սրբազնագույնն ինձ համար, շնչել, ապրել եմ նրա համար՝ միշտ պատրաստ տառապելու, զոհաբերելու և մեռնելու նրա համար: Հավատում եմ մեր ապագային: Մտովի զգում և ողջունում եմ Հայաստան երկիրը, որ կար, որ երջանիկ էր ու մեծ, և որ այդպիսին պետք է լինի վաղը…. Ուր և երբ էլ մեռնեմ, հավատա, իմ ազի՛զ ժողովուրդ, որ արտաքին վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի և օգնության պետք է գա իր հայրենի աշխարհին և աներևութաբար քո հպատակ զավակներին կառաջնորդի․․․ »:
Զինվոր զավակդ՝ Նժդեհ։»:
Ես կարծում եմ, որ ձեր բոլորի մեջ էլ կա մի փոքրիկ Նժդեհ…
«Նարեկացի» արվեստի միության առաջին տնօրենն է եղել Մոնթե Մելքոնյանի կինը՝ Սեդա Մելքոնյանը, և ես կարծում եմ , որ մենք մեզ հետ բերել ենք նաև Մոնթեի ոգին»։
- Մենք մեծագույն սիրով ենք այսօր այստեղ նվագելու և երբ իմացանք, որ համերգ ենք ունենալու զինվորների համար, թողեցինք մեր բոլոր գործերն ու եկանք այստեղ: Մենք ուրախ ենք ձեզ մատուցել մաքուր ժողովրդական երաժշտություն…,- համերգը այս խոսքերով մեկնարկեց «Նարեկացի» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրը:
Նվագախումբն ուներ հատուկ անակնկալ զինվորների համար՝ «Մեր անունն է հայկական բանակ» երգի կատարումը, որը հատուկ նրանց համար էր մշակված և մեծ ոգևորություն փոխանցեց զինվորներին:
Մեկ ժամ տևած համերգը անցավ մի շնչով, հոտընկայս երկար ծափահարություններով ։ Նվագախումբը, ներդնելով իր ամբողջ ներուժն ու եռանդը, զինվորներից ստացավ էլ ավելին:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։