Artexpo. արվեստի առաջին ցուցահանդես Հայաստանում
2009-02-13 00:00 | Naregatsi Art Institute
Փետրվարի 13-ին եւ 14-ին ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Նկարիչների միությունում կայացավ Artexpo ցուցահանդեսը, որը նպատակ ուներ հայրենի մշակույթի ձեռքբերումները ներկայացնելու, զարգացման հեռանկարներ եւ գործնական կապերի հնարավորություններ ստեղծելու։Նախարարի խորհրդական Րաֆֆի Զաքարյանի տեղեկացմամբ, մասնակիցելու հնարավորություն էին ստացել այն կազմակերպությունները, որոնք նախորդ տարում աչքի էին ընկել իրենց ակտիվ գործունեությամբ։ Այդ «աշխատասերների» թվում էր նաեւ «Նարեկացի» արվեստի միությունը։ Երկու տասնյակից ավել կազմակերպություններից յուրաքանչյուրին տրամադրել էին տաղավարներ, որտեղ ներկայացված էին կինոարվեստը, գրքերի, ձայնասկավառակների, ֆիլմերի հրատարակություններ, թանգարանային գործունեության ծրագրեր, մամուլ, թատերարվեստ եւ այլն։
ՆԱՄ-ը հանդես էր եկել իր հրատարակություններով, 2008-ին իրականացված նախագծերի ամփոփմամբ եւ նոր ծրագրերով։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, տարբեր երկրների դեսպանությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ։
«Մենք այսօր մեկ անգամ եւս պիտի հաստատենք, որ մշակույթը այն եզակի միջավայրն է, որտեղ ձեւավորվում է մարդկային հոգեւոր միասնությունը»,-բացման խոսքում նշեց Հ. Պողոսյանը։ Վարչապետին գոհացրել էին տաղավարներում տիրող ոգեւորությունը, ծրագրերի առատությունը. «Մարդիկ լի են եռանդով եւ ուզում են 2009-ին ունենալ նոր նվաճումներ. սա մեզ` բոլորիս, ոգեւորում է»,- ասաց վարչապետը։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։