Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մշակույթը Նարեկացիում
2008-12-02 00:00 | Naregatsi Art Institute
Հոկտեմբերի 21-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Նարեկացի Արվեստի Միությունը Բաց հասարակության ինստիտուտի Բուդապեշտի գրասենյակի աջակցությամբ իրականացրեց «Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մշակույթը» նախագծի հերթական ծրագիրը։ Այս անգամ այն նվիրված էր հունական, ասորական ու քրդական արվեստին: Ծրագրի նպատակն էր ներկայացնել մեր երկրում ապրող այլ ժողովուրդների հոգևոր արժեքները՝ այսպիսով ընձեռելով մշակույթի լեզվով երկխոսության մեջ մտնելու հնարավորություն: Ծրագրի մյուս նպատակը մարզերում մշակութային կյանքի ակտիվացումն էր, երիտասարդ ստեղծագործողներին ոգևորելն ու սատարելը: Ծրագրի շրջանակներում միջոցառումներ կայացան Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Չարենցավանում։ Բացումն ազդարարվեց ասորի երիտասարդ արվեստագետներ Լեոնիդ և Արթուր Բադալովների ցուցահանդեսով: Վերջինս կայացավ հոկտեմբերի 21-ին Նարեկացի Արվեստի Միությունում: Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվեցին երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները՝ քանդակներ, խեցեգործություն, փայտի փորագրություն:
Հոկտեմբերի 23-ին և 30-ին դարձյալ Նարեկացի Արվեստի Միությունում ցուցադրվեցին ռեժիսոր Խիներ Սալեմի «Վոդկա լիմոն» (Հայաստանում ապրող քրդերի մասին) և ռեժիսոր Փիթեր Բրուքի «Հանդիպումներ ականավոր մարդկանց հետ» (Գուրջիևի մասին) ֆիլմերը։ Այնուհետև ծրագիրը շարունակվեց Վանաձորում և Գյումրիում: Հոկտեմբերի 31-ին Սբ.Գր.Նարեկացի եկեղեցու միջոցառումների դահլիճում, ապա` Գյումրիում՝ Արվեստների ակադեմիայի դահլիճում, ներկայացվեցին Բադալով եղբայրների ստեղծագործությունները և երկու փայլուն համերգ-պրեմիերա: Համերգի ընթացքում հնչեցին Գյուրջիևի ստեղծագործությունները՝ ազգային նվագարանների կատարմամբ։ Համերգների ընթացքում հնչեց նաև հունական, ասորական, քրդական երաժշտություն։ Ինչպես վկայում էին միջոցառումից հետո կայացած զրույցները, մշակութային տարբեր ոլորտների ներկայացուցիչներ դահլիճից հեռանում էին մեծ տպավորություններով։
Մարզային շրջագայության վերջին հանգրվանը, ինչպես նաև ծրագրի եզրափակիչ միջոցառումը, կայացան Չարենցավան քաղաքում։ Իսկ ծրագրի, այսպես ասած, գագաթնակետը նոյեմբերի 8-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած մեծ համերգն էր: Այն իր բովանդակությամբ ու խտությամբ տարբերվեց նախորդ համերգներից։
Հետևյալ միջոցառումներից բացի, Նարեկացի Արվեստի Միությունը նախատեսել է հրատարակել ձայնասկավառակ, որտեղ ընդգրկված կլինեն ասորական, հունական, հայկական, քրդական երաժշտություն։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։