×

Նարեկացի Արվեստի Միությունը՝ լավագույն տաղավար. Artexpo-2010

2010-02-13 00:00 | Naregatsi Art Institute

Արդեն երկրորդ տարին է, ինչ ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ անցկացվում է Artexpo (Արտ Էքսպո) անունը կրող արվեստների ցուցահանդեսը։ 2010-ի փետրվարի 12-ին և 13-ին ՀՀ Նկարիչների միությունում ներկայացան 50-ից ավելի կազմակերպություններ։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա, շրջելով տաղավարներում, ծանոթացավ բոլոր կազմակերպությունների ծրագրերին և աշխատանքներին։

Նարեկացի Արվեստի Միությունն այս տարի ներկայացավ 2009թ. գործունեությամբ` արվեստի տարբեր ոլորտներում իրականացված միջոցառումներով, հրատարակություններով, հանդիպումներով, տարբեր ուսուցողական նախագծերով, գալիք տարվա համար նախատեսված ծրագրերով։
Artexpo-2010 ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարությունը սահմանել էր 3 մրցանակ, որոնք միջոցառման ավարտին հանդիսավոր կերպով հանձնվեցին հաղթող կազմակերպություններին։ ՀՀ Մշակույթի նախարարության կողմից լավագույն տաղավար ճանաչվեց ՆԱՄ-ի տաղավարը։

«Մենք այս մրցանակը ՆԱՄ-ին շնորհելիս հաշվի ենք առել մի քանի կարևոր կետեր ևս, որոնք անպայման ուզում եմ նշել,-ասաց նախարար Հասմիկ Պողոսյանը,- այս կազմակերպությունն իր գործունեությամբ բազմիցս ապացուցել է իր նվիրվածությունը մեր արվեստին, մշակույթի զարգացման ու պահպանման գործին։ Նարեկացի Արվեստի Միությունն այն եզակի մշակութային կազմակերպություններից է, որի ներկայությունը մեր իրականության մեջ չափազանց կարևոր է, և մենք իսկապես պետք է գնահատենք դա։ Այս միությունը չի գնում մասսայական ճանապարհով, այլ ընդհակառակը՝ միշտ պեղումներ է անում մեր ազգում` գտնելով այն եզակիին, այն անհայտին, այն տաղանդավորին, որն ինչ-որ տեղ թաքնված է, և վերհանելով կազմում մի շղթա, որի վրա հավաքված են մեր օրերում ստեղծվող մշակութային և պատմական արժեքները»:

Որպես այցելուների առումով առավել ակտիվ տաղավար՝ նախապատվությունը տրվեց Հովհ. Թումանյանի թանգարանին։ Քվեարկության արդյունքում այցելուների համակրանքին արժանացավ «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնը։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։