×

ՈԳԵԿՈՉՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՇՆՉՈՎ «Ադանա. Մեծ Եղեռնի ազդարարը»

2009-04-20 19:00 | Naregatsi Art Institute

2009թ-ին եւս «Նարեկացի» արվեստի միությունը /ՆԱՄ/ Հայոց Եղեռնի զոհերի հիշատակը նշեց ավանդական դարձած հուշահանդեսով` «Ոգեկոչում արվեստի շնչով» խորագրով` ապրիլի 20-ից 25-ը ներկայացնելով միջոցառումների շարք, որն ընդգրկում էր արվեստի տարբեր ոլորտներ` կերպարվեստ, կինո, երաժշտություն, բանահյուսություն։ ՆԱՄ-ը առանձին միջոցառումներով անդրադարձավ նաեւ 1909թ. Ադանայում իրականացված կոտորածներին։

Ապրիլի 20-ին բացվեց «Ադանա-100» խորագրով ցուցահանդեսը, որին մասնակցում էին 30-ից ավելի արվեստագետներ` տարբեր ոճերի եւ ժանրերի ստեղծագործություններով /գեղանկար, քանդակ, կոլաժ, ասեղնագործություն, լուսանկար եւ այլն/։

Նույն օրը ցուցադրվեց նաեւ ՆԱՄ-ի կողմից նկարահանված «Ադանա. Մեծ Եղեռնի ազդարարը» խորագրով ֆիլմ-ակնարկը, որը պատմական վերլուծությունների, արխիվային նյութերի եւ ծնունդով ադանացի Մաքրուհի Մենեմշյանի հիշողությունների ու պատմությունների հիման վրա ներկայացնում էր 1909թ. ապրիլին Ադանա քաղաքում եւ հարակից բնակավայրերում տեղի ունեցած հայկական կոտորածներն ու դրանց թողած ազդեցությունները։ Երկու օր անց ֆիլմը ցուցադրվեց նաեւ Հայաստանի Ազգային Գրադարանում։ Ցուցահանդեսը տեւեց մինչեւ ապրիլի 30-ը։
Ապրիլի 21-ին ներկայացվեց գրական-երաժշտական երեկո` նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին եւ հայ մեծանուն գրող Դանիել Վարուժանի ծննդյան 125-ամյակին։

Ապրիլի 22-ին ցուցադրվեցին ռեժիսոր. Մ. Յորդհեյմի «Նրանք ինձ մայրիկ են կոչում» եւ Վ. Չալդրանյանի «Ապրիլ» ֆիլմերը։ Նույն օրը նաեւ տեղի ունեցավ հանդիպում ֆրանսահայ լուսանկարիչ Բաղդիկ Գույումջյանի հետ, որը ներկայացրեց բացառիկ փաստեր եւ պատմություններ Մեծ Եղեռնի, օտարերկրցիներ կողմից մեկնաբանությունների եւ արձագանքների մասին։

«Ոգեկոչում արվեստի շնչով» միջոցառումների շարքում առանձնահատուկ տրամադրություն ստեղծվեց ապրիլի 23-ին. բանագետ, բանահավաք Արուսյակ Սահակյանը ներկայացրեց համերգ-հուշ երեկո, որը յուրատեսակ զրույց էր հանդիսատեսի հետ հայ ժողովրդի ոգու հարստության եւ գեղեցկության, ստեղծելու անսպառ կարողության, բանահյուսական մտածողության, ինչպես նաեւ Մեծ Եղեռնի մասին մեր ընկալումների շուրջ։ Մուշեղ Սահակյանի, Սեյրան Ավագյանի եւ Գառնիկ Յավրյանի կատարմամբ հնչեցին ժողովրդական խաղիկներ, ազատագրական գոյապայքարի եւ կորցրած երկրի կարոտի երգեր։

Միջոցառումների շարքը եզրափակվեց ապրիլի 24-ին համերգային ծրագրով, որին մասնակցում էին «Շողակաթ» մանկական համույթը, երգիչ Մուշեղ Սահակյանը, «Արատտա» համույթը, «Նարեկացի» ժողգործիքների մանկապատանեկան նվագախումբը, «Գառնի» վոկալ կվինտետը եւ «Փարոս» երգչախումբը։

Ադանա -100, Մեծ Եղեռն-94. ՆԱՄ-ը խոնարհվում է անցյալի անմոռաց հիշատակների առջեւ` միաժամանակ կոչ անելով արթուն պահել հավատը լուսաշող ապագայի հանդեպ։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։