«Համշենական շաբաթ» Նարեկացիում
2008-07-22 00:00 | Naregatsi Art Institute
Հուլիսի 22-ին Նարեկացի Արվեստի Միությունում տեղի ունեցավ «Համշենական շաբաթ» նախագծի բացումը։ Հատկապես տպավորիչ էր պահը, երբ առաջին անգամ Թուրքիայից հրավիրված հյուրերը`Համշենի «Վովա» ազգագրական խմբի երաժիշտները, գիտնականներն ու նրանց ուղեկցող լրագրողը ոտք դրեցին ՆԱՄ:
Այստեղ ընթանում էին նախապատրաստական աշխատանքները. ամեն բան թաթախված էր համշենական շնչով՝ Համշենին նվիրված նկարներ, ազդագրեր, բուկլետներ, գրքեր, տեղեկատվություն։ Ցուցասրահում աշխատակիցներից ոմանք լուսանկարներն էին կախում, տեխնիկական կազմը պատրաստում էր համերգին անհրաժեշտ սարքավորումները, իսկ դահլիճը ողողված էր Համշենի ազգային յուրահատուկ երաժշտությամբ։ Այս տրամադրությունից ոգևորված` խումբը սկսեց պարել. սա երկխոսության սկիզբն էր, որն ամուր ընթացք էր խոստանում։
Ժամը 17։00-ին կայացավ «Համշենական շաբաթ» նախագծի պաշտոնական բացումը. ողջույնի խոսքով հանդես եկան ՆԱՄ-ի հիմնադիր Ն. Հարթունյանը, «Ձայն Համշենական» թերթի գլխավոր խմբագիր Ս. Վարդանյանը, «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» ՀԿ-ի երևանյան գրասենյակի պատասխանատու Ս. Կարապետյանը, Կրասնոդարի «Համշեն» կրթամշակութային կենտրոնի ներկայացուցիչ Ա. Թուլումջյանը և այլք։ «Համշենական շաբաթը» մեկնարկեց լուսանկարչական ցուցահանդեսով, որից հետո տեղի ունեցավ «Վովա» խմբի համերգը: Ի դեպ, սա խմբի առաջին մենահամերգն էր և առաջին համերգային այցն արտերկիր։ Համերգը բուռն արձագանք ունեցավ հանդիսատեսի կողմից. «Սկզբում ամեն ինչ անսովոր թվաց,- հաջորդ օրը գրում է «Նոյան Տապան»-ի թղթակիցը,- երգում էին հայերեն, սակայն անծանոթ մի բարբառով։ Հետո հանկարծ լսվեց պարկապզուկի ձայնը։ Դահլիճը լցվեց ծափահարություններով։ Այդպես Երևանում հայ երգի մի նոր տեսակ բացահայտեցինք»։ ՆԱՄ-ում ընդունված ավանդույթի համաձայն՝ Ն. Հարթունյանը կյանքը խորհրդանշող նռան հուշանվեր նվիրեց բոլոր երաժիշտներին և ՆԱՄ-ը պատկերող մի գոբելեն, որի հեղինակները հաշմանդամ երեխաներ էին։
Հուլիսի 23-ին «Համշենական շաբաթ» նախագծի միջոցառումների ծրագրի համաձայն «Կոնգրես» հյուրանոցի դահլիճում կայացավ գիտաժողով` «Համշեն և համշենահայություն. պատմություն և մշակույթ» թեմայով։ Ելույթ ունեցան տարբեր բնագավառների մասնագետներ` պատմաբաններ, երաժշտագետներ, լեզվաբաններ, ազգագրագետներ` մանրամասնորեն անդրադառնալով պատմական տարբեր մոտեցումների և իրողությունների, համշենահայության հարուստ և ինքնատիպ մշակութային ժառանգությանը։ Թուրքիայից գիտաժողովին իրենց մասնակցությունն էին ցուցաբերել Հաջեթեփե համալսարանի գիտությունների դոկտոր Էրհան Գյուրսել Էրսոյը և բանահավաք, ազգագրագետ Այշենուր Քոլիվարը։ Գիտաժողովի ընդմիջումներից մեկի ժամանակ լրագրողները, շրջապատելով «Վովա» խմբի ամենաավագ ներկայացուցչին` քավալահար Ռեմզի Թաթարին, սկսեցին հարցերի տարափով ողողել վերջինիս։ Երաժիշտը պատասխանելիս երբեմն նվագում էր ու երգում համշենի բարբառով։
Հուլիսի 24-ին ՆԱՄ-ում ցուցադրվեցին «Մօմի» (ռեժիսոր` Օզջան Ալփեր) և «Կյանքը շալակած» (ռեժիսոր՝ Յեշիմ Ուստաօղլու) ֆիլմերը։ Միջոցառումներին մասնակցելուց բացի` հյուրերը այցելեցին Հայաստանի տեսարժան վայրեր`Խոր Վիրապ, Նորավանք, Գառնի, Գեղարդ, Սևան, իսկ Երևանում` Ցեղասպանության թանգարան։ «Երբեմն ինձ թվում է, թե մենք պլաստմասե դարում ենք ապրում, ու ամեն ինչ արհեստական է, մինչդեռ Հայաստանում ամեն ինչ այնքան բնական է, այնքան գեղեցիկ»,- խոստովանեց խմբի երաժշտական գծով տնօրեն Մուստաֆա Բիբերը, ով Գեղարդում ևս զարմացրեց ուղեկիցներին` հրաշալի կատարելով «Տեր ողորմեա» շարականը։
«Համշենական շաբաթ» նախագծի թերևս ամենասպասված և ամենահուզիչ պահը «Վովա» խմբի մեծ համերգն էր, որը տեղի ունեցավ հուլիսի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Սա միջոցառման գագաթնակետն էր. մինչ համերգի սկիզբը ողջույնի խոսքով հանդես եկավ ՆԱՄ-ի հիմնադիր Ն. Հարթունյանը. «Դուք այսօր կլսեք մի ինքնատիպ երաժշտություն, որը կարծես գալիս է ծովի խորքից, սարերից ու ձորերից և պատմում է այս հրաշք աշհարհի մասին»: Այնուհետև ներկայացվեց «Վովայի» ուղերձը, որում ասվում է. «...Համշենի լեզուն, երգերը, խաղիկները, մշակույթը ավանդույթների նման են սարերի և անտառների, ջրերի ու ծովերի, թռչունների, միջատների ու ծաղիկների, ոչնչացող աշխարհի և անհետ կորչում են։ Եվ մենք սկսեցինք խոսել, որովհետև այդ կորուստն ու ոչնչացումն այրում է մեր սիրտը. խոսել սկսեցինք, որ Համշենի մեղեդիներն անհետ չկորչեն, մեր օջախները չմարեն: Մեր ձայնը ծառայում է կյանքին, խաղաղությանը և ժողովուրդների բարեկամությանը, ծովափին հնչող մեր ձայնն արձագանքում է սարերում, մեր ձայնն այն ամեն գեղեցիկի համար է, որը գոյություն ունի մարդու և աշխարհի մեջ…»:
Համերգի ընթացքում երգերն ուղեկցվում էին ծափերով. լեփ-լեցուն դահլիճը կարծես շնչում էր համշենական օդը, ապրում նրա կյանքով ու կենցաղով, մարդիկ հուզված ժպտում էին, փորձում հաղորդակցվել համշենի բարբառով, զգացվում էր ջերմ ու հարազատ մթնոլորտի թրթիռները: Հուզված էին նաև երաժիշտները։
«Համշենական շաբաթը» եզրափակվեց վերջին համերգով, որին մասնակցում էր նաև աշխարհահռչակ երաժիշտ Արտո Թունչբոյաջյանը։ Համերգը տեղի ունեցավ Ավանգարդ-ֆոլկ երաժշտության ակումբում։
«Վովա» խմբի կորիզը կազմում են համշենահայեր Հիկմետ Աքչիչեքը և Մուստաֆա Բիբերը: Աքչիչեքը ծնվել է Հոպա քաղաքում 1963-ին, մայրենի լեզուն համշեներենն է: Մտահոգված լինելով այն հանգամանքով, որ արագ փոփոխվող կյանքի պայմաններում հնարավոր է՝ թե՛ համշենական երաժշտությունը, թե՛ համշեներենը մոռացության մատնվեն և անհետանան աշխարհի երեսից, Աչքիչեքը ստանձնում է մի մեծ պարտականություն` հավաքել համշենական երգերը:
2000-ին Աչքիչեքը ծանոթանում է Էրսին Չելիքի և Մուստաֆա Բիբերի հետ, 2005-ին նրանք միասին թողարկում են իրենց առաջին`«Վովա» ալբոմը: Մուստաֆա Բիբերն ապահովում է գործիքավորումը: Այսօր «Վովա» համույթը հանդես է գալիս համերգներով ու մասնակցում տարբեր երաժշտական միջոցառումների: Հայրենի երգն ու պարը, սրինգն ու պարկապզուկն այս խմբի շնորհիվ նորից վերելք ապրեցին՝ նոր շունչ հաղորդելով համշենահայ երաժշտության յուրահատուկ մեղեդիներին:
Ովքե՞ր են համշենահայերը և որտեղի՞ց են գալիս: Պատմական տեղեկությունների համաձայն` 8-րդ դարում, չդիմանալով արաբական տիրապետության ճնշումներին, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն, Կոտայք և Վասպուրական նահանգի գավառներից շուրջ 12 000 հայ Շապուհ և Համամ Ամատունի իշխանների ու մի քանի նախարարների գլխավորությամբ գաղթում և բնակություն են հաստատում Սև ծովի հարավ-արևելյան մասում`Ֆորթունա գետի հովտում: Այստեղ Համամ Ամատունին, վերականգնելով ավերված Տամբուր քաղաքը, իր անունով կոչում է Համամաշեն այսինքն` Համամի շեն, որը հետագայում դառնում է Համշենի հայկական իշխանության կենտրոնը: Ավելի ուշ քաղաքն ստացավ Համշեն (հայերեն) կամ Հեմշին (թուրքերեն) անվանումը: Տարիների ընթացքում այս իշխանության տարածքն ընդլայնվեց` ընդգրկելով սևծովյան մի շարք շրջաններ ևս` Հոպա, Բորչկա, Տրապիզոն, Օրդու և այլն: Բնակիչները հայտնի էին իբրև համշենցիներ, խոսում էին համշեներենով, որը հայոց լեզվի բարբառներից է: Համամ Ամատունու հիմնադրած իշխանությունը կործանվեց 1489-ին, երբ Համշենը գրավվեց թուրքերի կողմից, որոնք սկսեցին բռնի կերպով հավատափոխ անել հայերին: Նրանք, ովքեր հակառակվում էին, սպանվում էին և նետվում Ֆորթունա գետը: Եկեղեցիներն ավերվում էին կամ վերածվում մզկիթների: Հավատափոխությունից և հալածանքներից խուսափելու համար շատ համշենահայեր նորից բռնեցին գաղթի ճանապարհը` սփռվելով Սինոպսից մինչև Բաթում: 19-րդ դարի 60-70թթ., հատկապես ռուս թուրքական պատերազմից հետո, համշենցիների մեծ մասը գաղթեց և հաստատվեց Սև ծովի կովկասյան ափերին` Սուխումի, Մծարա, Գագարա, Կրասնոդարի շրջաններում: Արտագաղթը զանգվածային բնույթ կրեց Մեծ եղեռնի ժամանակ` շարունակվելով մինչև 1920-ակաները: Այսօր համշենահայությունը բաժանված է երկու մեծ խմբի` թե՛ դավանանքի, թե՛ բնակության վայրի առումով: Առաջին խումբը Թուրքիայի պոնտական ափին բնակվող իսլամացած համշենահայերն են: Երկրորդ խումբը Սև ծովի աբխազական և ռուսական ափին բնակվող քրիստոնյա համշենահայերն են:
Համշենցիները հայտնի են իրենց հարուստ ֆոլկլորով` հեքիաթներով, ասացվածքներով, կատակներով, հանելուկներով, երգ ու պարով: 1980-ականներին քրիստոնյա համշենահայերից մի խումբ տեղափոխվեց Հայաստան, մինչ այսօր նրանք պահպանում են իրենց լեզուն և ավանդույթները: Թուրքիայի ծայրագույն արևելքում գտնվող բազմաթիվ համշենական բնակավայրեր ևս դեռևս պահպանում են իրենց բնիկ հայկական բարբառը: Ցավոք, այսօր մեզանից քչերը գիտեն հայ ժողովրդի այս հատվածի գոյության, պատմության և մշակութային հարուստ ժառանգության մասին:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։