×

Հրեական երաժշտության և պոեզիայի օրեր Նարեկացիում

2007-09-18 12:00 | Naregatsi Art Institute

2007թ-ի սեպտեմբերի 9-18ը Նարեկացի Արվեստի Միությունը Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ (ԲՀԻՕՀ) «Ազգային փոքրամասնությունների մշակույթը» նախագծի շրջանակներում իրականացրեց «Հրեական երաժշտության և պոեզիայի օրեր» ծրագիրը։ Նախագծի նպատակն է հասարակությանը ներկայացնել Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների (վրացիներ, ռուսներ, հրեաներ, հույներ և այլն) մշակույթը: Ծրագիրը մեկնարկեց հրեական մշակույթին նվիրված օրերով: Այս առիթով Նարեկացի Արվեստի Միությունում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճներում (սեպտեմբերի 9, 16 և 18), Գյումրիում` արվեստների ակադեմիայի դահլիճում (սեպտեմբերի 10), Վանաձորում` Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու միջոցառումների դահլիճում (սեպտեմբերի 11), և Կապանում` Արվեստի պետական քոլեջում (սեպտեմբերի 13), անցկացվեցին համերգներ: Դրանց ընթացքում կատարվեցին ծագումով հրեա կոմպոզիտորների, գրողների ստեղծագործություններից: Հնչեցին Ֆ. Մենդելսոնի, Վ. Վայների, Մ. Բրուխի, Է. Բլոխի, Մ. Բրուների, Բ. Պաստեռնակի, Մ. Շագալի, Օ. Մանդելշտամի գործերից։ Նախագծում ներգրավված էին ասմունքողներ Աննա Միքայելյանը, Տաթևիկ Դանիելյանը, ՆԱՄ-ի «Նարեկացի» կամերային երաժշտության ընկերության երաժիշտները՝ Արամ Թալալյանի գեղարվեստական ղեկավարությամբ, դաշնակահարներ Անահիտ Ներսիսյանը, Արթուր Ավանեսովը, Միքայել Բալյանը, Նաիրա Իսրայելյանը և ուրիշներ։
Ծրագրի բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 9-ին Նարեկացի Արվեստի Միությունում: Միջոցառմանը ներկա էին հրեական համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, արվեստագետներ, ազգային փոքրամասնությունների այլ ներկայացուցիչներ։ Համերգների ավարտից հետո իրենց տպավորությունների մասին խոսեցին կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը, Վիլի Վայները, Լևոն Չաուշյանը, Միքայել Կոկժաևը, Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը, Կապանում ռուսական համայնքի ղեկավար Գալինա Աղախանյանը, գրողներ, երաժշտագետներ և պարզապես արվեստասերներ։ «Հրեական երաժշտության և պոեզիայի օրեր» ծրագիրը մեծ ընդունելության արժանացավ հատկապես մարզերում: Այստեղ հնչեցին այնպիսի ստեղծագործություններ, որոնք առաջին անգամ էին ներկայացվում Հայաստանում։

«Ազգային փոքրամասնությունների մշակույթը» նախագիծը կարևոր է նրանով, որ Հայաստանում ապրող տարբեր ազգեր հերթական անգամ միմյանց հետ երկխոսության մեջ են մտնում մշակույթի լեզվով: Հատկանշական է, որ ծրագրում ընդգրկված են հիմնականում երիտասարդ արվեստագետներ, ում սատարելը և ոգևորելը ՆԱՄ-ի կարևորագույն նպատակներից է։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։