«Մենք սիրում ենք ձեզ». խմբակային ցուցահանդես Նարեկացիում
2007-11-27 00:00 | Naregatsi Art Institute
Իցխակ Պերելման, Միշել Պետրուչիանի, Սթիվի Ուոնդեր, Ռեյ Չարլզ, Անդրեա Բոչելի… մարդիկ,ովքեր համաշխարհային հռչակ և փառք են վայելում, որոնց սիրում և մեծարում են իրենց յուրահատուկ ստեղծագործական աշխարհի ու այդ աշխարհը ներկայացնելու բացառիկ ձիրքի շնորհիվ։ Այս և բազմաթիվ այլ արվեստագետների հաշմանդամության փաստը չի խանգարել հասնել մեծ նվաճումների, ապրել և ստեղծագործել` որպես այս մոլորակի լիիրավ անդամ։ Այդպես է աշխարհի շատ երկրներում, որտեղ հավասարության, լիարժեքության, փոխադարձ հարգանքի ու սիրո մասին ոչ միայն խոսում են, այլև այդպես ապրում։ Իսկ Հայաստանու՞մ… Ցավոք սրտի, մեր երկրում բազմաթիվ մարդիկ, արվեստագետներ, ովքեր այս կամ այն չափով կրում են հաշմանդամության դրոշմը, որպես կանոն զրկված են մշակութային անցուդարձին մասնակցելու հնարավորություններից։ Այս մթնոլորտում, այնուամենայնիվ, կան մարդիկ և կազմակերպություններ, ովքեր մտահոգված են նշված խնդրով ու փորձում են հնարավորության սահմաններում աջակցել, օժանդակել այս մարդկանց։
Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը Նարեկացի Արվեստի միությունում կայացավ խմբակային ցուցահանդես` նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան։ Ցուցահանդեսը կրում էր «Մենք սիրում ենք ձեզ» խորագիրը։ Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում գործող «Ունիսոն», «Փրկություն», «Հայ միասնության խաչ» և «Փիլատելփիա» հասարակական կազմակերպությունների անդամ, հաշմանդամություն ունեցող, տարբեր տարիքի ստեղծագործողներ:
Ցուցահանդեսի շրջանակներում նրանք ներկայացրին գեղանկարչություն, գորգագործություն, կիրառական արվեստ, ասեղնագործություն, դիզայն և այլ ժանրերի պատկանող իրենց աշխատանքները։ Ցուցահանդեսի նպատակն էր խթանել հաշմանդամություն ունեցողների մշակութային ինտեգրումն ու հասարակության տարբեր շերտերի ուշադրությունն այն խնդրին սևեռելը։ ՆԱՄ-ի ցուցասրահը և դահլիճը լեփ-լեցուն էր արվեստասեր հասարակությամբ։ Ներկա էին արվեստագետներ, լրագրողներ, մասնակիցների բարեկամներն ու պարզապես նրանց աշխատանքներով հետաքրքրված մարդիկ։ Շնորհավորելով մասնակիցներին` ՆԱՄ-ի գործադիր տնօրեն Թովմաս Այնթաբյանը նշեց, որ միությունը մշտապես աջակցել է հաշմանդամություն ունեցող անձանց: Ի սկզբանե, ՆԱՄ-ի հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանի ցանկությունն է եղել ստեղծել մշակութային մի միջավայր, ուր բոլոր մարդիկ մուտք կգործեն հավասար իրավունքներով:
«Շնորհավորում ենք ցուցահանդեսի առիթով,- նշեց պրն. Այնթաբյանը,- Արվեստը բոլորինն է. մենք ձեզ սիրում ենք, և մեր դռները մշտապես բաց են ձեր առաջ»։ «Ես այսօր, այս պահին հպարտությամբ եմ ասում, որ աշխատում եմ մի վայրում, որը Երևանում գործող այն եզակի մշակութային կառույցներից է, որտեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները հաշմանդամություն ունեցողների թե՛ ազատ տեղաշարժման, թե՛ ստեղծագործելու, թե՛ ասպարեզ դուրս գալու համար»,- նշեց ՆԱՄ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նաիրա Հայրապետյանն ու հավելեց. «ՆԱՄ-ում կազմակերպվում են ցուցահանդեսներ, համերգներ, կինոդիտումներ և տարբեր բնույթի միջոցառումներ, որոնց նպատակը նաև հաշմանդամություն ունեցողներին հասարակությանը լիարժեք ինտեգրելն է»։ Իրենց հերթին միջոցառման մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին ՆԱՄ-ին՝ մշտապես իրենց կողքին լինելու համար։ «Մենք միշտ հաճույքով ենք մասնակցում ՆԱՄ-ի բոլոր միջոցառումներին և ինչ-որ տեղ այս ընտանիքի անդամ ենք մեզ զգում: Ես կուզեի, որ մշակութային մյուս օջախները և հասարակական վայրերն օրինակ վերցնեին միության վարած քաղաքականությունից»,- ասաց Արմեն Ալավերդյանը («ՈՒնիսոն» հասարակական կազմակերպություն)։
«Շնորհակալություն ՆԱՄ-ին. այս կազմակերպությունը շատ նպատակասլաց է իր առաքելության մեջ: Սա երկխոսություն է մեր խղճի հետ. այն, ինչ այսօր անում ենք նման է նրան, որ նայում և տեսնում ենք մեր նկարագիրը. ինչքանո՞վ ենք կարողանում ապրել ոչ միայն մեզ համար»,- իր խոսքում նշեց Գրիգոր Բաբախանյանը («Հայ միասնության խաչ» հասարակական կազմակերպություն)։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։