×

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյանը պարգեւատրվեց ՀՀ վարչապետի հուշամեդալով

2010-12-03 00:00 | Naregatsi Art Institute

Դեկտեմբերի 3-ին հաշմանդամների միջազգային օրվա առթիվ "Արամ Խաչատրյան" համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված "Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին" ՄԱԿ-ի կոնվենցիային նվիրված հատուկ միջոցառում` "Միանանք հանուն հավասար հնարավորությունների" խորագրով։

Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ եւ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուծման գործում Երեւանում եւ Շուշիում ունեցած նշանակալի ավանդի համար "Նարեկացի" արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյանը պարգեւատվեց ՀՀ վարչապետի հուշամեդալով։
"Նարեկացի" արվեստի միությունը /2004թ․` Երեւան, 2006թ․` Շուշի/ բացառիկ մշակութային օջախներից է, որտեղ գործում են բոլոր անհրաժեշտ պայմանները հաշմանդամների ազատ տեղաշարժման համար։ Կենտրոնի առաքելություններից մեկն է` ստեղծել հավասար պայմաններ բոլորի համար եւ դրանով իսկ նպաստել հաշմանդամների` հասարակությանը լիարժեք ինտեգրվելուն։ Հանդիսանալով որպես մատչելի միջավայր` կենտրոնը մեծ հնարավորություններ է ընձեռում նրանց ոչ միայն մասնակցելու միջոցառումներին, այլեւ ներկայանալու իրենց ստեղծագործություններով։

ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգեւատրվեցին նաեւ "ՎիվաՍել-ՄՏՍ" ընկերության գլխավոր տնօրեն Ռ․ Յիրիկյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Ն․ Ղուկասյանը, "Արաբկիր" բուժվերականգնողական կենտրոնի վիրաբույժ Կ․ Քոլոյանը, Հայաստանի Հանրային Ռադիոն։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, գործատուներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ողջույնի տեսքով հանդես եկավ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա․ Գրիգորյանը։ Ելույթ ունեցան հայկական երգարվեստի ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ հաշմանդամություն ունեցող անձինք։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։