Համերգ նվիրված եղեռնի զոհերի հիշատակին
2010-04-24 00:00 | Naregatsi Art Institute
2010-ի ապրիլի 16-24-ը Նարեկացի Արվեստի Միությունը կազմակերպել էր միջոցառումների շարք` նվիրված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին։
Ապրիլի 16-ին Նարեկացի Արվեստի Միությունում կայացավ Վահան Շիրոյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված էին փայտարվեստի գեղեցիկ նմուշներ: Միջոցառումը բացվեց «Կանթեղ» մանկական երգչախմբի ելույթով։
Ապրիլի 21-ին ցուցադրվեց Լեռնային Ղարաբաղի մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանի «Մարաղա» վավերագրական ֆիլմը։ Մոտ 30 րոպե տևող այս ֆիլմի հերոսները պատմում են, թե ինչպես 1992-ի ապրիլի 10-ին ադրբեջանցիները մտան Մարաղա ու ոչնչացրին գյուղը։ Նրանցից յուրաքանչյուրը Մարաղայի ջարդը նմանեցնում է 1915-ին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Մեծ Եղեռնին։
Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված, «Կիսատ քոչարի» խորագիրը կրող համերգով ապրիլի 23-ին ներկայացավ Վրեժ Աղաջանյանը։
Միջոցառումների շարքն ապրիլի 24-ին եզրափակվեց համերգային ծրագրով, որին մասնակցեցին «Լույս» վոկալ հնգյակը, «Փարոս» համույթը, «Միհր» պարային պլաստիկայի թատրոնը։ Նույն օրը ցուցադրվեց նաև ՆԱՄ-ի կողմից նկարահանված «Ադանա. Մեծ եղեռնի ազդարարը» խորագրով ֆիլմ-ակնարկը։
Նարեկացի Արվեստի Միությունումը խոնարհվում է անցյալի անմոռաց հիշատակի առջև` միաժամանակ կոչ անելով արթուն պահել հավատը լուսաշող ապագայի հանդեպ։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։