Բարեգործական համերգ Հայ Ավետարանչական կենտրոնում
2013-05-18 00:00 | Naregatsi Art Institute
2013 թվականի մայիսի 18-ին Հայ ավետարանչական ընկերակցությունը «Նարեկացի» արվեստի միության հետ համատեղ Հայ ավետարանչական կենտրոնում կազմակերպեց բարեգործական համերգ, որին մասնակցում էր «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, թառահար Հովիկ Սահակյանի գեղարվեստական ղեկավարմամբ: Համերգին ներկա էին բազմաթիվ հյուրեր, սիրիահայեր, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայաստանյաց ավետարանական եկեղեցու և Հայ ավետարանչական ընկերակցության աշխատակիցներ և ծառայողներ:
Համերգի սկզբում ցուցադրվեց Հայ ավետարանչական ընկերակցության նկարահանած սիրիահայերի այսօրվա կացությանը վերաբերող փաստագրական ֆիլմը:
Համերգային մասում ելույթ ունեցավ «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը, որը հաճելիորեն զարմացրեց ներկաներին իր ժողովրդական կատարումներով:
Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ սիրիահայերին սատարելու, Հայ ավետարանչական ընկերակցության կոչն անպատասխան չթողնելու համար: Շնորհակալական խոսք ասաց «Սիրիահայերի հիմնահարցերը համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը. համերգի ավարտին բոլոր ներկաները ներդրում արեցին սիրիահայերի օգտին:
Հունիս և օգոստոս ամիսներին Արաբկիր, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների սոցիալական բաժինների աշխատակիցների հետ համագործակցության արդյունքում Հայ ավետարանչական ընկերակցությունը կազմակերպեց օգնություն (սննդի և հագուստի տեսքով) դժվարին կացության մեջ հայտնված սիրիահայ ընտանիքների համար:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։