Համերգ ՆԱՄ-ում
2017-07-28 19:00 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ հոգևոր և ժողովրդական երգերի համերգ «Հին ու նոր երգաշխարհ» խորագրով:
Երեկոյի ընթացքում հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության նորաստեղծ «Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խումբը. խմբի գեղարվեստական ղեկավարն է Լուսինե Աղաջանյանը, ով սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնում։
- Շատ խորհրդանշական օր է այսօր մեզ համար. առաջին անգամ համերգային ծրագրով հանդես կգա «Նարեկացի» արվեստի միության նորաստեղծ «Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խումբը, որը կազմավորման շատ հետաքրքիր պատմություն ունի:
Տարիներ առաջ, երբ Արցախում էի, իմ ընկերն ինձ տարավ եկեղեցի, որտեղ պատարագի ժամանակ հնչում էր մի անուշ ձայն: Պատարագի վերջում Լուսինե Աղաջանյանին, ով երգում և ղեկավարում էր երգչախումբը, առաջարկեցի երգչախումբ ստեղծել «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղում, և նա համաձայնեց:
Այժմ նա տեղափոխվել է Երևան և այստեղ է կազմել «Քնար» հոգևոր և ժողովրդական երգերի խումբը: Քնարն իմ փոքրիկ աղջկա և հանգուցյալ մոր անունն է: Հույս ունեմ՝ այս խումբը բեղմնավոր աշխատանք և բազում հաջողություններ կունենա, - բացման խոսքով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:
Երեկոյի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Մ. Եկմալյանի, Դանիել Երաժիշտի, Ա․ Բաբաջանյանի, Է. Հովհաննիսյանի, Գ. Գաբրիելյանի և Խ․Ավետիսյանի ստեղծագործություններից:
Նվագակցող՝ Հարություն Թագվորյան
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։