Ցուցահանդես ՆԱՄ-ում
2018-06-18 18:30 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Փոխենք աշխարհը` գունազարդելով այն» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը:
Միջոցառումը «Մենք կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպության նախաձեռնությունն էր, որը սիրով իր հարկի տակ իրականացրեց ՆԱՄ-ը:
- Մեզ համար առաջնային են հաշմանդամություն ունեցող ստեղծագործող երեխաները: Մեր դռները միշտ բաց են ձեզ համար: Դուք յուրաքանչյուրդ այս նկարներում ներդրել եք պատմություններ, որոնք մեզ համար հետաքրքրական են: Ցանկանում ենք միշտ ստեղծագործեք, և որպես լուսանկարիչ ձեր ուրույն տեղն ունենաք, - իր խոսքում նշեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը և ցուցահանդեսի հեղինակ լուսանկարիչներին միության խորհրդանշանով կավե նռներ նվիրեց:
Ցուցահանդեսին ներկայացված էին «Մենք կարող ենք» ՀԿ-ի ներառական խմբակի անդամների գարնանային, գունեղ և գեղեցիկ լուսանկարները. խմբակի սաներին լուսանկարչական արվեստի գաղտնիքներին ծանոթացրել է լուսանկարիչ, ծրագրավորող Արկադի Քալանթարյանը:
Վերջում փոքրիկ լուսանկարիչները պատվոգրեր և էլեկտրական շրջանակներ նվեր ստացան իրենց կատարած աշխատանքների համար:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։