×

Համերգ Տրիկազեում

2018-09-09 20:30 | Naregatsi Art Institute

Սեպտեմբերի 9-ին Տրիկազեում հանդիսավոր արարողությամբ կայացավ իտալական «Սալենտո» միջազգային կինոփառատոնի փակումը, որի ժամանակ համերգային ծրագրով հանդես եկավ «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը կոմպոզիտոր, թառահար Արտեմ Խաչատուրի գեղարվեստական ղեկավարմամբ:

Նվագախումբը գեղեցիկ հնարավորություն ընձեռեց ներկաներին բաց երկնքի տակ վայելելու հայկական ժողովրդական անզուգական մեղեդիներ:

Բազմաթիվ պաշտոնյա հյուրերի շարքում էր նաև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ով ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նարեկացի» նվագախումբն Իտալիայում: Շուրջ 2 ժամ տևած համերգը հիացրեց Սալենտոյի բնակիչներին, որոնց արձագանքը մեր երաժիշտների ամեն կատարումից հետո լրացուցիչ հպարտության առիթ էր»:

Միջազգային կարգավիճակ ստացած «Սալենտո» կինոփառատոնն առաջին անգամ մեկնարկվել է 2004 թվականին Լուիջի Կամպանիլեի կողմից. այն անցկացվում է աշխարհի տարբեր քաղաքներում՝ Երևանում, Մոսկվայում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Նյու-Յորքում, Հոնկոնգում և այլն:

Համերգի ավարտին «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանն իտալերենով ողջույնի խոսք հնչեցրեց՝ հաճելիորեն զարմացնելով ներկաներին:
- Մեզ համար մեծ պատիվ է հանդես գալ այսօր այստեղ: Ուրախ ենք հայկական մշակույթը տարածելու հնարավորության համար: Այս հրավերը եղավ «Սալենտո» կինոփառատոնի հիմնադիր Լուիջի Կամպանիլեի կողմից, ով արդեն երեք տարի է մեր միությունում է անցկացնում փառատոնի երևանյան դիտումները: Նրա հրավերը մեր համերգային շրջագայության հիմքը դարձավ՝ Ստամբուլից մինչև Ժնև:

Մեզ հետ հայրենիքից բերել ենք հատուկ նվեր. «Նարեկացի» արվեստի միությունը յուրահատուկ նվեր-պարգևատրում ունի՝ միության պատկերանշանով փոքրիկ խաչքար, որը համատեղում է Տիրոջ օրհնությունը և մշակույթը։ Նվերը պատկանում է Լուիջիին: Այս նվերով մենք տալիս ենք Ջիջիին «Հայ մշակույթի դեսպան» լինելու կոչումը, քանի որ նա այն մարդկանցից է, ովքեր մեր մշակույթը տարածելու հարցում մեծ գործունեություն են իրականացնում,- նշեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:

Նշենք, որ սա մեծ համերգային շրջագայության երկրորդ կանգառն է: Նվագախումբը համերգներով հանդես կգա Ֆրանսիայում, Շվեյցարիայում նույնպես, իսկ Ստամբուլում արդեն կայացել է նվագախմբի համերգային երեկոն:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։