«Վորտիկ Գուլբենկյան» տարեցների խնամքի կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն
2018-08-18 18:00 | Naregatsi Art Institute
Օգոստոսի 18-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքում տեղի ունեցավ գերմանաբնակ բարերար Ալբերտ Սեվինսի հիմնադրած «Վորտիկ Գուլբենկյան» տարեցների խնամքի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։
Գեղեցիկ միջոցառումը բազմամարդ էր: Հայ և օտարերկրյա հյուրերը բաց երկնքի տակ և Արագած լեռան զմայլելի տեսարանի ներքո վայելեցին կոմիտասյան հիանալի մեղեդիները «Տիգրանյան» լարային քառյակի կատարմամբ, որից հետո միջոցառման երաժշտական մասը հագեցավ «Նարեկացի» արվեստի միության «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի ազգային անզուգական հնչյուններով, իսկ միության «Նժդեհ» ազգագրական պարի խումբն իր հզոր պարով դուրս եկավ պայքարի անձրևի և քամու դեմ՝ ազդարարելով, որ բարի գործն անմահ է, և ոչինչ չի կարող խանգարել այն իրագործելուն:
Միջոցառմանն իր օրհնության խոսքն ուղղեց Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը.
-Այսօր համախմբվել ենք այստեղ և շնորհակալություն ենք հայտնում Աստծուն, որ իր օրհնանքն է տվել Ալբերտ Սեվինսին: Գովելի է, որ Գուլբենկյան գերդաստանի ժառանգներն իրենց հայրենասիրությունն այս կերպ են դրսևորում՝ ծաղկեցնելով և հզորացնելով մեր երկիրը: Հիշե՛նք, որ բարեգործությունն աստվածային շնորհ է:
Իր ողջույնն ու երախտագիտությունը հայտնեց նաև «Ալբերտ Սեվինս» հիմնադրամի հոգաբարձուների անդամ բժիշկ Կարեն Առաքելյանը, ով ներկայացրեց «Ալբերտ Սեվինս» բարեգործական հիմնադրամի գործունեությունը և առաքելությունը:
Բացման արարողությունը հագեցած էր բազմաթիվ հետաքրքիր և հիշարժան պահերով: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին` բացօթյա միջոցառումն անցավ հիանալի:
Անձրևի հերթական կաթիլներից խուսափող հյուրերը հավաքվեցին խնամքի կենտրոնի սենյակներից մեկում, որտեղ տարեցների կենտրոնի հիմնադիր Ալբերտ Սեվինսը բարձրացավ հարմարեցված սեղաններից մեկի վրա՝ հանդես գալով շնորհակալական խոսքով և ներկայացնելով «Վորտիկ Գուլբենկյան» տարեցների խնամքի կենտրոնի տատիկների երաժշտական ելույթը.
-Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ներկաներին, ովքեր այստեղ և մեզ հետ են: Ուզում եմ ձեզ ներկայացնել մեր տարեցների երաժշտական կատարումը՝ մրցակցելով «Նարեկացի» արվեստի միության երաժշտական խմբերի հետ (հումոր). ի դեպ՝ «Նարեկացի» արվեստի միության մասին ես առաջին անգամ տեղեկացել եմ Շուշիում, այցելել և հիացել կատարված աշխատանքով. շնորհակալություն «Նարեկացի» արվեստի միության հիմադիր Նարեկ Հարությունյան։
Միության հիմնադիր Նարեկ Հարությունյանն էլ իր երախտագիտությունն ու սրտի խոսքը հայտնեց՝ նվիրելով Ալբերտ Սեվինսին խորհրդանշական հուշ-նվեր խաչքար, որի վրա փորագրված էր՝«Հայ ժողովրդի անունից խորին երախտագիտությամբ մեծ մարդասեր Ալբերտ Սեվինսին».
-Կյանքում պատահական ոչինչ չի լինում. Աստծո կամքով և նախախնամությամբ տեղի ունեցավ մեր հանդիպումը: Մեզ համար մեծ պատիվ է ներկա գտնվել այստեղ և մասնակիցը լինել այս աստվածահաճո գործին, իսկ մեր և Ձեր երաժշտական մրցույթում, պարո՛ն Սեվինս, ինչ խոսք, դուք հաղթեցիք։
Միջոցառման ընթացքում հյուրերին բաժանվեց «Վորտիկ Գուլբենկյան» տարեցների խնամքի կենտրոնի գեղեցիկ տարբերանշաններից:
Ջերմ և անկեղծ մթնոլորտով հագեցած երեկոյին հանդես եկավ նաև «Վորտիկ Գուլբենկյան» տարեցների խնամքի կենտրոնի տնօրեն Հովհաննես Մանուկյանը, ով ներկայացրեց կենտրոնի ստեղծման պատմությունը:
Միջոցառման ավարտին փակման խոսքով հանդես եկավ «Վորտիկ Գուլբենկյան» տարեցների խնամքի կենտրոնի հիմնադիր Ալբերտ Սեվինսը, ով իր ելույթում, մասնավորապես նշեց.
-Իմ երախտավորությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունը ցուցաբերեցին տարեցների տան ստեղծման գործում:
«Ալբերտ Սեվինս» բարեգործական հիմնադրամի կողմից կառուցված «Վորտիկ Գուլբենկյան» տարեցների խնամքի կենտրոնը Գյումրիի կարիքավոր մեծահասակների համար է։ Համալիրն ընդգրկում է երեք մեկ հարկանի, խոչընդոտներից ազատ տներ, որոնց կենտրոնում առկա է դեպի արևն ուղղված այգի՝ օգտագործելի պարտեզներով, ներքնագավիթներով և ամֆիթատրոնով: Տարեցների այս համալիրը նրանց նաև այգում հանգստի հնարավորություն է ընձեռում, իսկ պարտեզում՝ զբաղմունք: Այգին կարող է օգտագործվել նաև բացօթյա հանդիպումների համար՝ համերգներ, թատրոն, կինո, պարային երեկոներ:
«Տարեցների տնով պետք է վառ մնա հիմնադիր Ալբերտ Սեվինսի պապի հիշատակը, իսկ անվանատու Վորտիկ Գուլբենկյանի բարիությունն ու խիղճը միշտ պետք է ուղեկցի ծեր մարդկանց»,-նշվում է կենտրոնի ստեղծման պատմությունը ներկայացվող տեղեկագրում:
Վորտիկ Գուլբենկյանը ծնվել է 1883 թվականին Կեսարիա-Թալասում: Նա ճանաչված հայ գործարար Գալուստ Սարգսի Գուլբենկյանի, որը հայտնի էր «Պարոն Հինգ Տոկոս» անունով, երկրորդ աստճանի հորեղբոր որդին է եղել: Նա երեք անգամ ամուսնացած է եղել, քանի որ նրա առաջին երկու կանայք, ցավոք, վաղաժամ են մահացել: Իր առաջին տիկնոջից՝ Սրբուհուց, կահույքագործության արվեստն ուսանած Վորտիկն ունենում է երեք դուստր՝ Շուշանիկը, Հայկուհին և Վարդուհին:
Հայոց ցեղասպանության ժամանակ նա տեղափոխվում է Յոզխաթ, որտեղ իր երկրորդ կնոջ՝ Փերուզի հետ է ամուսնանում. նա նրան թողնում է Ալիս անունով մեկ աղջիկ:
1932թ.-ին ամուսնանում է Սահանիկի հետ, ով նրան չորս երեխա է պարգևում՝ Սարգիսը, Հարությունը, Մարին՝ հիմնադրի մայրը, և Իպեքսիման:
Վորտիկ Գուլբենկյանը մահանում է 1962 թվականին 79 տարեկան հասակում՝ Ստամբուլ տեղափոխվելուց հետո: Նրա թոռ Ալբերտ Սեվինս Հադոդոն ընդամենը երկու տարեկան էր, երբ մահանում է պապը: Հետագայում Ալբերտն ընտանիքի մյուս անդամներից է տեղեկանում, թե ինչ գովելի, բարի ու ազնիվ մարդ է եղել Վորտիկ Գուլբենկյանը: Բնավորության այս հոյակապ գծերն ավելի ուշ անցան նաև ազգությամբ ասորի Իսա Սեվինս Հադոդային՝ հիմնադրի հորը:
Վորտիկ Գուլբենկյանի սերունդները՝ մահացած, թե կենդանի, այսօր ավելի քան 150 մարդ են կազմում:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։