ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՈԳԵԿՈՉՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՇՆՉՈՎ
2014-04-24 00:00 | Naregatsi Art Institute
Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Նարեկացի արվեստի միությունում կայացավ ոգեկոչման արարողություն: Միջոցառումը օրհնեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Համերգային ծրագրին մասնակցեցին Միրզոյան քառյակը, Հասմիկ Բաղդասարյանը (սոպրանո), «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը, «Փարոս» երգչախումբը և «Միհր» թատրոնը:
Միջոցառման շրջանակներում բացվեց Հայկ Գալստյանի` Արևմտյան Հայաստանին նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցադրությունը:
Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության մյուս բռնազավթված նահանգների հայ բնակչության զանգվածային տեղահանությունն ու բնաջնջումը 1914-1918թթ. Հայոց ցեղասպանության ամենամեծ ալիքն էր` Հայոց Մեծ Եղեռնը, որը կազմակերպեցին և իրականացրին Թուրքիայի կառավարող շրջանակները` երիտթուրքերը Առաջին համաշխարհային պատերազմի քողի ներքո:Ձեռնարկելով հայ բնակչության բնաջնջումը՝ Թուրքիայի կառավարող շրջանները հետապնդում էին մի քանի նպատակ, վերացնել Հայկական հարցը, որով վերջ կդրվեր եվրոպական տերությունների միջամտությանը Թուրքիայի գործերին. թուրքերը կձերբազատվեին տնտեսական մրցակցությունից, և նրանց կանցներ հայերի ամբողջ ունեցվածքը, ուղի կհարթվեր դեպի Կովկասի զավթումը, դեպի թուրանականության վեհ գաղափարի իրականացումը:Երեքի գործադիր կոմիտեն ստացավ մեծ լիազորություններ, զենք, դրամ: Իշխանությունները սկսեցին կազմակերպել հատուկ ջոկատներ (տես Թեշքիլաթը մահսուսե)՝ հիմնականում բաղկացած բանտերից ազատված հանցագործներից ու այլ քրեական տարրերից, որոնք պետք է մասնակցեին հայերի զանգվածային ջարդերին:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։