×

Հայաստանում ավարտվեց «Սալենտո» միջազգային կինոփառատոնը

2018-11-30 19:00 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միությունը երկու օր շարունակ՝ նոյեմբերի 28-ին և 29-ին, արդեն 4-րդ անգամ հյուրընկալել էր «Սալենտո» միջազգային կինոփառատոնը:
Փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցի հանդիսասրահում: Միջոցառման համերգային մասը ապահովեց «Նարեկացի» արվեստի միության «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյանի գեղարվեստական ղեկավարմամբ: Երեկոն մեկնարկվեց հայկական ժողովրդական շուրջպարով, որից հետո նվագախմբին միացան մեներգիչներ Լուսինե Աղաջանյանը, Նարե Ավագյանը, Արման Առաքելյանը: Ներկաները վայելեցին մաքուր ազգային երգ ու երաժշտություն:

Միջոցառմանը ներկա էր Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոն: Ներկաների շարքերում էր նաև կինոյի և թատրոնի դերասան Միքայել Պողոսյանը, ում կինոփառատոնի հիմնադիր Լուիջի Կամպանիլեն հանձնեց «Սալենտո» միջազգային կինոփառատոնի դերասանական մրցանակը, որը տրվում է փառատոնը հյուրընկալող երկրի կինոասպարեզում և երկրից դուրս ավանդ ունեցած ակնառու դերասանի:

Փառատոնի շրջանակում ցուցադրվեց անգլերեն ենթագրերով 4 ֆիլմ:
Կինոփառատոնի հիմնադիր Լուիջի Կամպանիլեն նշեց.

«Հայաստանում «Սալենտո» կինոփառատոնն անցկացնում ենք 2015թ.-ից. սա չորրորդ տարին է, և, ինչպես անցած տարի, այս տարի ևս փառատոնն անցկացվել է «Նարեկացի» արվեստի միությունում: Հասցրել ենք ընկերանալ միության աշխատակազմի հետ, և ուրախ եմ մեր համագործակցության համար: Այս տարի ցուցադրվում են այնպիսի ֆիլմեր, որոնք ցուցադրվել են մի շարք երկրներում, ֆիլմեր, որոնք լավագույնն են և դրական արձագանքի են արժանացել: Փառատոնը կկրի շարունակական բնույթ»:

Փակման արարողության ժամանակ «Սալենտոյի» կազմակերպիչները խաղարկության միջոցով կինոդիտողներին հնարավորություն ընձեռեցին 2019թ. անցկացվելիք կինոփառատոնի օրերին շահելու 2 անձի համար նախատեսված վեցօրյա հանգստի փաթեթ Իտալիայի Սալենտո շրջանի չորսաստղանի հյուրանոցում:

Միջոցառման կուլմինացիոն մասում տեղի ունեցավ «Հոթել Գագարին» կատակերգական ֆիլմի հայաստանյան պրեմիերան, որը հայ-իտալական համատեղ աշխատանքի արդյունք է:

Միջազգային կարգավիճակ ստացած «Սալենտո» կինոփառատոնն առաջին անգամ մեկնարկվել է 2004 թվականին Լուիջի Կամպանիլեի կողմից. այն անցկացվում է աշխարհի տարբեր քաղաքներում՝ Երևանում, Մոսկվայում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Նյու-Յորքում, Հոնկոնգում և այլն: Փառատոնի շրջանակներում հյուրընկալող երկրում ցուցադրվում և պրոպագանդվում են անկախ ռեժիսորների ֆիլմեր` դա համարելով մշակութային հաղորդակցության ամենաարդյունավետ միջոցը: Այդպիսով նաև նպատակ է հետապնդվում ուշադրություն հրավիրել այն ֆիլմերի վրա, որոնց հեղինակները փնտրում են դրանք իրացնողներ (դիստրիբյուտոր):

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։