Նոր և բացառիկ հրատարակություն ՆԱՄ-ի կողմից
2018-12-19 19:00 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Տաղեր» գրքույկի շնորհանդեսը: Եղվարդի սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանը միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով:
«Տաղերի» ձայնասկավառակից հնչեցին Գևորգ Հունանյանի «Աչքն ծով ի ծով» ստեղծագործությունը, ինչպես նաև կենդանի կատարումներով հանդես եկան Եվգինե Մելիքյանը (քանոն), Շուշան Կրպոյանը (վոկալ), Գրիգոր Հարությունյանը (կլառնետ), Գոհար Դանիելյանը (ջութակ) և Խուան Զրանը (դաշնամուր):
Գրքույկի ստեղծման պատմությունը ներկայացրին գրքույկի խմբագիր, նկարազարդման հեղինակ, մանրանկարչուհի Լիլիթ Վարդումյանը և «Տաղեր» գրքույկի երգերի մեկնության և բազմաձայնման հեղինակ Դանիել Երաժիշտը:
-Այսօր մենք հասկանում ենք, որ Նարեկացին ապրում է և ապրեցնում...,- իր խոսքում ընդգծեց Դանիել Երաժիշտը:
«Տաղերի» ստեղծման գաղափարը «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանինն է:
- Հիշում եմ, այս գաղափարն առաջացավ, երբ լսեցի Աստվածամորը նվիրված տաղը, որն ինձ կապեց Աստծո հետ: Կարծես ի վերուստ եկավ այս միտքը, և կարծում եմ, որ Նարեկացու ոգին այսօր այստեղ է: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրագործեցին իմ գաղափարը, հատկապես մաեստրոյին, որովհետև եթե նա չլիներ մենք այսօր չէինք ունենա այս հրատարակությունը, - իր խոսքում ընդգծեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:
Գրքույկի շնորհանդեսն ամփոփեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալինա Փահլևանյանը՝ ընդգծելով, որ «Նարեկացի» արվեստի միության դերը մեր մշակութային կյանքում շատ մեծ է, և նման միջոցառումներն ակտիվացնում են այդ կյանքը:
-Այս հրատարակությունը պարզապես բուժիչ նշանակություն ունի: Մարդիկ գալիս են այստեղ՝ առնչվելու իսկական, մաքրամաքուր արվեստի հետ,-նշեց Ալինա Փահլևանյանը:
Այս փոքրիկ գրքույկում ներառված են Գրիգոր Նարեկացու այն վեց տաղերը և միակ շարականը, որոնց մեղեդին, մշտապես երգվելով, դարերի խորքից հասել է մեզ։ «Նարեկացի» արվեստի միության այս հրատարակությունը բացառիկ է նրանով, որ վեց տաղերը ներկայացված են գրաբար և աշխարհաբար՝ բացառությամբ շարականի և «Տաղ Սուրբ Խաչին» (Հաւիկ) տաղի։
Գրքույկում զետեղված են նաև տաղերի և շարականի նոտաներն, ինչպես նաև ձայնասկավառակ՝ Գևորգ Հունանյանի և Աննա Մայիլյանի անզուգական կատարումներով, նկարազարդված է միջնադարյան մանրանկարների ժամանակակից լուծումներով:
Միջոցառմանը ներկա էին հոգևոր հովիվներ, բազմաթիվ արվեստագետներ և «Նարեկացի» արվեստի միության ընկերներ:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։