×

Տարածելով հայ մշակույթը

2019-10-05 15:00 | Naregatsi Art Institute

«Տարածելով հայ մշակույթը» ծրագրի շրջանակում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի համերգը (գեղ. ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյան) և ջութակահար, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՆԱՄ գեղարվեստական խորհրդատու Դանիել Երաժիշտի հետ վարպետաց դասը:

Մեծ սիրով արվեստի և արհեստի քաղաքն իր սրտաբաց գիրկն ընդունեց «Նարեկացի» արվեստի միության անդամներին:

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում «Նովա» անսամբլի կատարմամբ հնչեցին ազգային նվագարանների անզուգական հնչյունները, իսկ մեծարգո Դանիել Երաժիշտը Անահիտ Հակոբյանի ասմունքին զուգընթաց մեկնաբանեց հնչող ստեղծագործությունները՝ ներկաներին փոխանցելով իր արժեքավոր և հետաքրքիր մտքերը:

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը միջոցառմանը հանդես եկավ բացման խոքով:
-Գյումրին, ինչպես միշտ, մեծ սիրով ընդունեց մեզ: «Նարեկացի» արվեստի միության և գյումրեցի արվեստագետների հետ կապը ժամանակին ավելի ուժեղ էր, բայց մեր համագործակցությունն այսօր էլ շարունակվում է: Մեծ ցանկություն ունենք մասնաճյուղ ունենալ նաև Գյումրիում, հուսանք այդ ցանկությունը մի օր իրականություն կդառնա,-նշեց Նարեկ Հարությունյանը և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Հարությունյանին հանձնեց միության հրատարակություններից:

-Մենք միայն այս նվերով չէ, որ եկել ենք, մենք գյումրեցիներին ենք բերել նաև երաժշտական նվեր՝ հնչյունակերտ ծաղկեփունջ «Նովան», որը երբեք չի թառամում,- ավելացրեց «Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական խորհրդատու Դանիել Երաժիշտը:

Հասմիկ Հարությունյանն էլ իր շնորհակալական խոսքնն ուղղեց «Նարեկացի» արվեստի միությանը՝ ընդգծելով հայկական մշակութային կյանքում ՆԱՄ-ի ծավալած գործունեության կարևորության մասին:

Միջոցառման ավարտից հետո ներկաները լուսանկարվեցին պատանի երաժիշտների հետ, իրենց հիացմունքն ու գոհունակությունը հայտնեցին միջոցառման և «Նարեկացի» արվեստի միության մասին՝ ակնկալելով ավելի հաճախ տեսնել Գյումրու մշակութային կյանքին զարկ տվող նմանօրինակ գեղեցիկ միջոցառումներ:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։