«Սասնա ծռեր» էպոսը դպրոցականների համար
2026-09-14 14:00 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Սասնա ծռեր» խորագրով բանախոսությունը։
Հանդիսատեսը Երևանի թիվ 12, 119, 174 դպրոցի աշակերտներն էին։ Նրանց ողջունեց բանաստեղծ, ժուռնալիստ Տիգրան Նիկողոսյանը և խոսեց «Սասնա ծռեր» էպոսի կարևորության, պատմության ու հիմնական ասելիքի մասին։
Նա ընդգծեց, որ էպոսը միայն մեր ժողովրդի անցյալի մասին պատմող ստեղծագործություն չէ, այլև մեր ինքնության ու արժեհամակարգի կարևոր արտահայտությունը։ Նրա խոսքով՝ էպոսը մեր մասին է, և այսօր էլ յուրաքանչյուրս կարող ենք մեզ տեսնել դրա տարբեր հերոսների կերպարներում՝ նրանց պայքարի, արժեհամակարգի, գաղափարների ու անգամ՝ սայթաքումների մեջ։
Հանդիպման ընթացքում Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի թատրոնի հիմնադիր, ասմունքող, ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը ներկայացրեց Հովհաննես Թումանյանի մշակած «Սասունցի Դավիթ» պոեմը՝ աշակերտներին նորովի հաղորդակից դարձնելով հայ ազգային էպոսի հերոսական աշխարհին։
Բանախոսությունը կազմակերպվել էր «Սասնա ծռեր» էպոսի արժևորման միամսյակի շրջանակում։
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2026-2027 ուսումնական տարին հայտարարել է Ընթերցանության տարի։
Նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր ամիս նվիրված է հայ գրականության և մշակույթի որևէ կարևոր թեմայի, իսկ սեպտեմբերին ընտրվել է «Սասնա ծռեր» ազգային էպոսը։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։