×

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՈԳԵԿՈՉՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՇՆՉՈՎ

2008-04-24 17:00 | Naregatsi Art Institute

Նարեկացի Արվեստի Միությունում արդեն ավանդույթ է դարձել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը «Ոգեկոչում արվեստի շնչով» միջոցառմամբ։ Ամեն տարի ապրիլի 24-ին այս նպատակով կազմակերպվում է մեծ համերգ, ցուցահանդես, որին մասնակցում են արվեստագետներ Հայաստանից և աշխարհի տարբեր անկյուններից։ 2008թ-ին որոշվեց ապրիլի 21-25-ը «Ոգեկոչում արվեստի շնչով» հնգօրյա ծրագիր իրականացնել, միջոցառման շրջանակներն ընդլայնել` ընդգրկելով արվեստի տարբեր բնագավառներ` երաժշտություն, կերպարվեստ, կինո, գրականություն։ Հնգօրյա ծրագրի սահմաններում տեղի ունեցան ստորև նշված միջոցառումները: Ապրիլի 21-ին ցուցադրվեցին ռեժիսորներ Ավետիս Օհանյանի «Հուշեր» և Տիգրան Խզմալյանի «Արմին Վեգներ. ցեղասպանության լուսանկարիչը» ֆիլմերը։ Միջոցառմանը ներկա էր նաև Տ. Խզմալյանը, և ֆիլմերի ավարտից հետո տեղի ունեցավ բուռն քննարկում ռեժիսորի և հանդիսատեսի միջև։

Ապրիլի 22-ին ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը ներկայացրեց «Ցեղիս կանչը» խորագրով գրական-երաժշտական երեկոն, որի ընթացքում հնչեցին հատվածներ Գր. Նարեկացու, Ե. Չարենցի, Հովհ. Թումանյանի, Պ. Սևակի և Ավ. Ահարոնյանի ստեղծագործություններից։ Հոգևոր երգերի կատարմամբ միջոցառմանը մասնակեցին Տաթևիկ Մովսեսյանը և Թամարա Մոսինյանը։ Ապրիլի 23-ին ցուցադրվեցին ռեժիսորներ Կարլա Կարապետյանի «Ճչացողները» և Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» ֆիլմերը։ Ապրիլի 24-ին տեղի ունեցավ հնգօրյա ծրագրի գլխավոր միջոցառումը` «Ոգեկոչում արվեստի շնչով» խորագրով:
Վերջինիս շրջանակներում նախ բացվեց ցուցահանդես, որտեղ ներկայացված էին գեղանկարչական, խեցեգործության, լուսանկարչական աշխատանքներ, մանրանկարներ, գորգեր, կոլաժներ և այլն։ Մասնակցում էին ՆԱՄ-ում տարբեր տարիներին իրենց ստեղծագործություններով ներկայացած 18 արվեստագետներ։

Այնուհետև կայացավ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համերգը` «Սպեղանի» մանկական երգչախմբի, «Լինոս» լարային քառյակի, «Միհր» պարային պլաստիկայի թատրոնի, երգիչներ Արսեն Համբարյանի, Օֆելյա Խաչատրյանի և այլ արվեստագետների մասնակցությամբ։ Համերգը եզրափակվեց մոմավառությամբ, որն ուղեկցվեց «Փարոս» երգչախմբի կատարմամբ հնչող հոգևոր երգերով։ Ապրիլի 25-ին` ՆԱՄ-ում կայացավ լիբանանահայ գրող Գևորգ Աբելյանի «Ցկեանս նահատակութիին» գրքի քննարկումը։ Այն առաջին անգամ էր ներկայացվում Հայաստանցի ընթերցասեր հանրությանը։ Գիրքը լույս է տեսել 2005-ին` Մեծ եղեռնի 90-ամյակի կապակցությամբ, և, ինչպես հեղինակն է գրում, «նվիրուած է ... Հայկական ցեղասպանության ընթացքին կորսուած եւ մահէ փրկուած այն բոլոր յայտնի, թէ անյայտ հայորդիներուն, որոնց կեանքը վերածուած է Ցկեանս Նահատակութեան»։ Քննարկմանը ներկա էին արձակագիր Հրաչյա Մաթևոսյանը, գրականագետ Յուրի Խաչատրյանը, բարբառագետ Հայկանուշ Մեսրոպյանը և ուրիշներ։

Նարեկացի Արվեստի Միությունը հաստատուն է իր համոզման մեջ, որ բարձրարժեք արվեստն իր մեջ դժվարություններն ու ճգնաժամերը հաղթահարելու հսկայական ուժ է պարունակում:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։