×

Ֆիլմի ցուցադրություն ՆԱՄ-ում

2019-12-07 17:00 | Naregatsi Art Institute

Դեկտեմբերի 7-ին, Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Սպիտակ» ֆիլմի դիտումը։

Այս տարի լրացավ Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարին, և մենք ևս մաս կազմելով այդ ողբերգությանը, ի հիշատակ և ի ցավ հազարավոր զոհերի, կազմակերպեցինք 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի մասին պատմող՝ ռուս-հայկական լիամետրաժ կինոնկարի ցուցադրությունը։

Ֆիլմի հերոսը՝ Գոռը, ով հեռացել էր Հայաստանից ավելի լավ կյանքի փնտրտուքներում, երկրաշարժից հետո Մոսկվայից վերադառնում է հայրենիք` գտնելու իր տունը, ընտանիքին: Աղետն ամեն ինչ ոչնչացրել էր: Աղետի վայրում Գոռը հանդիպում է տարբեր կերպարների, որոնցից յուրաքանչյուրն իր անձնական ողբերգությունն ունի: Տեղացիները փորձում էին գտնել իրենց սիրելիներին` ողջ կամ մահացած: Բժիշկները փորձում էին օգնել փրկվածներին, օր ու գիշեր աշխատում էին չնայած դեղերի պակասին, վիրահատություններ կատարում էին ձեռքի տակ եղած նյութերով: Զինվորները, կամավորները, վտանգելով իրենց կյանքը, մաքրում էին փլատակները: Գոռը՝ գտնելով ընտանիքին, հրաժարվում է այլևս Մոսկվա վերադառնալու մտքից և շարունակում օգնել մյուսներին։

«Սպիտակ» ֆիլմը արժանացել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի Լավագույն ռեժիսորական մրցանակի, Accolade Global կինոմրցույթի Գերազանցության հատուկ մրցանակի։

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին ստեփանակերտցիներ, շուշեցիներ, նա՛և գյումրեցիներ։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։