Հանդիպում Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ Բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ
2009-09-19 | Naregatsi Art Institute
2009 թվականի սեպտեմբերի 19-ին «Նարեկացի» արվեստի միությունը կազմակերպել էր հանդիպում Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ Բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ։
Հայ ժողովրդի համար լեգենդար անձնավորություն դարձած Քերոլայն Քոքսը շատ հայտնի է ՀՀ-ում և Արցախում իրականացրած իր բազմաթիվ առաքելությունների շնորհիվ, որոնցից մեկն էլ Ստեփանակերտում վերականգնողական կենտրոնի հիմնումն էր 1998թ.։
2005թ. կենտրոնը վերանվանվեց Քերոլայն Քոքսի անունով։
Հանդիպման նպատակն էր աջակցել սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց ինտեգրումը հասարակությանը։
Միջոցառման շրջանակներում ՆԱՄ-ում ցուցադրվել են կենտրոնում բուժվողների գեղանկարներն ու քանդակները, ներկայացվել է համերգ, և կայացել ֆիլմի ցուցադրություն կենտրոնի գործունեության ու ծրագրերի մասին։
Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը երեկոյի ժամանակ, կարևորելով նմանատիպ միջոցառումների դերը, հույս հայտնեց, որ դրանք կնպաստեն միմյանց հետ առավել հաճախակի հաղորդակցվելուն և հետագա ծրագրերը միասին իրականացնելուն.
-Մենք ցանկանում ենք ընդլայնել մեր ռեսուրսները, որպեսզի օգնենք հեռավոր շրջաններում ապրող ավելի շատ հաշմանդամների,- իր խոսքում ընդգծել է նա։
Ավանդույթի համաձայն՝ «Նարեկացի» արվեստի միությունը կյանքն ու երկարակեցությունը խորհրդանշող նռան քանդակ է նվիրել պատվարժան հյուրին:
-Բարոնուհի՛ Քերոլայն Քոքս, թող Ձեր ուղին միշտ օրհնված լինի, և Աստված երկար կյանք պարգևի ձեզ։ Ձեզ նման պահապան հրեշտակները պետք է շատ լինեն, որպեսզի հույսի լույս պարգևեն․․․ , - իր այս խոսքերով միջոցառումը եզրափակեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:
«Ինձ ոգեշնչում է «Նարեկացի» արվեստի միության մթնոլորտը։ Ես գնահատում եմ այն ուղին, որով Դուք նպաստում եք Ձեր ահռելի մշակույթի տարածմանը եւ այն հասանելի դարձնում ողջ ժողովրդին».
Քերոլայն Քոքս
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։