«Նարեկացի» արվեստի միությունը ` «Մեղրի և հատապտուղների փառատոն»-ին
2018-08-13 12:00 | Naregatsi Art Institute
Տավուշի մարզի Բերդ քաղաքում անցկացվեց 7-րդ ամենամյա «Մեղրի և հատապտուղների փառատոն»-ը։ Փառատոնը տարածաշրջանի (այն ներառում է Բերդ քաղաքը և հարակից 16 գյուղերը) յուրահատուկ միջոցառումներից է, եթե ոչ միակը, որը 1-2 օրով փոխում է առկա մթնոլորտը՝ տոն դարձնելով տեղի բնակչության առօրյան։
-Բերդ քաղաքը Հայաստանի համար հանդիսանում է որպես ճակատագրական վահան թշնամիների դեմ: Մեզ համար մեծ պատիվ է հանդես գալ այստեղ մեր հայրենակիցների համար: Հատուկ շնորհակալություն Հայկ Չոբանյանին՝ այս ամենը կազմակերպելու համար:
Ամենամյա այս միջոցառմանը մասնակցելը մեր առաքելության մի մասն է կազմում: «Նովա» անսամբլը Հովիկ Սահակյանի գլխավորությամբ և մենակատարները մեկ ժամ տևողությամբ ելույթով ձեզ կմատուցեն մաքուր, զուլալ, ջինջ հայկական ժողովրդական մեղեդիներ և երգեր, իսկ «Նժդեհ» պարախումբն իր ազգագրական պարերով բոլորիդ պարի կհրավիրի: Վայելե՛ք…, - ասաց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:
Փառատոնի շրջանակներում համերգային ծրագրով հանդես եկան «Նովա» ժողովրդական գործիքների անսամբլը գեղարվեստական ղեկավար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, թառահար Հովիկ Սահակյանի գլխավորությամբ և մենակատարներ Անահիտ Հակոբյանը, Նարե Ավագյանը և Արման Առաքելյանը: Սա բացառիկ հնարավորություն էր մասնակցելու ամենամյա փառատոնին՝ վայելելով ազգային երգ և երաժշտություն բաց երկնքի տակ:
Համերգային ծրագրի այս մասից հետո ազգային պարերի շարքով հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության «Նժդեհ» ազգագրական պարի խումբը՝ վարակելով ներկաներին պարելու մեծ ցանկությամբ:
Նշենք նաև, որ փառատոնին իր մասնակցությունը ցուցաբերեց նաև «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղը՝ ներկայացնելով միության կարպետագործության և կավագործության դասարանի սաների աշխատանքները, ինչպես նաև «Բրուտ արտ» կավագործության սիմպոզիումի արվեստագետների աշխատանքներ:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։