×

Հոբելյանական համերգ ՆԱՄ-ում

2026-10-13 19:00 | Naregatsi Art Institute

«Նարեկացիում» նշվեց Վազգանուշ Պարմինի 80-ամյակը

Հոկտեմբերի 13-ին «Նարեկացի» արվեստի միությունում կայացավ քանոնահարուհի, կոմպոզիտոր և մանկավարժ Վազգանուշ Պարմինի (Պարունակյան-Մինասյան) 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգը։

Երեկոյի ընթացքում երիտասարդ երաժիշտների կատարմամբ հնչեցին հոբելյարի հեղինակային ստեղծագործությունները։

1946 թվականին Գյումրիում ծնված արվեստագետը երաժշտական ուղին սկսել է 15 տարեկանում՝ առանց նախնական կրթության ընդունվելով Կարա-Մուրզայի անվան ուսումնարանի քանոնի դասարան (դասախոս՝ Թամարա Մարգարյան)։ Հետագայում ավարտել է տեսական բաժինը և վերապատրաստվել կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի մոտ։

Վազգանուշ Պարմինը ժողովրդական նվագարանների համար գրված բազմաթիվ էտյուդների, պիեսների ու պրելյուդների հեղինակ է, որոնք լայնորեն հնչում են Հայաստանի համերգասրահներում և ուսումնական հաստատություններում։ Նրա աշխատանքի ու ստեղծագործությունների շնորհիվ քանոնի լարերի թովչանքը շատ սերունդներ է կրթել։ 2002 թվականին Հայաստանի կոմպոզիտորների միությունը տպագրել է նրա «Ստեղծագործություններ քանոնի համար» աշխատությունը։

Երեկոյի ավարտին վաստակաշատ մանկավարժն իր խորին շնորհակալությունը հայտնեց կազմակերպիչներին, հյուրերին, ելույթ ունեցողներին։ Համերգն ամփոփվեց հանդիսատեսի ջերմ ծափահարություններով:

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։