×

Տիգրան Մանսուրյան. «Խմբերգեր»

2016-12-12 | Naregatsi Art Institute

Տիգրան Մանսուրյանի «Խմբերգեր» ձայնասկավառակը թողարկվել է 2014 թվականին «Նարեկացի» արվեստի միության կողմից:

Այն վերահրատարակվել է 2016 թվականին՝ նոր ձևավորմամբ, որը պարունակում է տեղեկատվական գրքույկ, որի մեջ ներառված է նաև բոլոր ներկայացված խմբերգերի բանաստեղծությունները:
Այս ժողովածուի մեջ ընդգրկված խմբերգերը բազմիցս հնչել են, սակայն ձայնասկավառակի տեսքով հանդես են գալիս առաջին անգամ: Ստեղծագործությունները, գրված լինելով 1969թ –ից 2010 թվականներն ընդգրկող լայն ժամանակահատվածում, ներկայացնում են Մանսուրյանի երաժշտական մտածողության տարբեր փուլերը հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործությունների միջոցով:

«Հայ դասական երաժշտությունը սկիզբ է առել երգչախմբի համար գրված ստեղծագործություններից: Մանսուրյանի երաժշտության մեջ կարծես երկխոսության մեջ են մտնում մի կողմից հայ ժողովրդի՝ դարերով հավաքած երաժշտական ավանդույթները, իսկ մյուս կողմից 20-րդ դարի հայ պոեզիան ՝ մեկնաբանելով և էլ ավելի երգեցիկ դարձնելով այն՝ մերթ ճկունացնելով, մերթ ընդհակառակը՝ շեշտելով հայոց լեզվի «բաղաձայնների կույտերը»:
Մանսուրյանի խմբերգային և առհասարակ վոկալ ստեղծագործությունները լսելիս պարզ է դառնում մի բան՝ անկախ նրանից, թե ինչպիսինն է այդ երաժշտութան նկատմամաբ մեր վերաբերմունքը, բառի և մեղեդային գծի կապն այստեղ անվրեպ է և բխում է պոեզիայի խորը, ոչ առօրեական ընթերցումից ու անմնացորդ յուրացումից: Այս ժողովածուի մեջ ընդգրկված խմբերգերը բազմիցս հնչել են, սակայն ձայնասկավառակի տեսքով հանդես են գալիս առաջին անգամ»:

Արթուր Ավանեսով
Ստեղծագործական առաջին քայլերից իսկ իր գործերն արժանացել են ջերմ ընդունելության, ինչի ապացույցն են բազմաթիվ մրցանակներն ու պետական շնորհները:

Հայ մշակույթում իր բացառիկ տեղն ու կարևոր դերն ունեցող Տիգրան Մանսուրյանը ծնվել է 27 հունվարի 1939 թվականին Բեյրությում: Հեղինակ է նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի, ինչպես նաև ֆիլմերի երաժշտության, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում:
1947 թվականին ընտանիքով ներգաղթել է Հյաստանան:
1956-60 թվականներին սովորել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի, իսկ 1960-1965 թթ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում:
1967թվականին ավարտել է նաև ասպիրանտուրան: Արժանացել է մի շարք մրցանակների և պետական կոչումների: Նա առաջին հայ կոմպոզիտորն է, ով արժանացել է «Գրեմմիի»:
Խմբերգերը կատարում է Հայաստանի կամերային երգչախումբը, որը ստեղծվել է 2000 թվականի հոկտեմբերին «Վաչե և Թամար Մանուկյան» բարեգործական միության հովանավորությամբ:

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր է ընտրվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացու» մեդալակիր Ռոբերտ Մլքեյանը:
2008 թվականին երգչախումբը ստացել է պետական կարգավիճակ և վերանվանվել Հայաստանի պետական կամերային երգչախումբ (ՀՊԿԵ):

Այն 35 երաժիշտներից կազմված մի արհեստավարժ երգչախումբ է, որի ծավալուն և բազմաբնույթ երգացանկում ընդգրկված են Գաբրելլիի, Բախի, Բրամսի, Վասքսի, Շնիտկեի, ինչպես նաև Կոմիտասի և հայ ժամանակակից կոմպոզիտորների' Տիգրան Մանսուրյանի, Դավիթ Հալաջյանի, Էդուարդ Հայրապետյանի և այլոց ստեղծագործությունները:

Երգչախումբը նաև բարեգործական ծրագիր ունի: Հանդես է գալիս Հայաստանի շրջաններում:

Կցված ֆայլեր
Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։