ՆԱՐԵԿԱՑԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՇՈՒՇԻ
«Նարեկացի» արվեստի միությունը (ՆԱՄ) բարեգործական հիմունքներով գործող և շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է բարերար Նարեկ Հարությունյանի կողմից, իր եղբոր Սարո Հարությունյանի և իրենց այժմ ողբացյալ հայրիկի, Կարապետ Հարությունյանի հիմնական աջակցությամբ, և իր գործունեությունն է ծավալում 2000 թվականից: Կրելով Սուրբ Գրիգոր Նարեկացու անունը և առաջնորդվելով հոգևորի խորհրդով՝ Միությունը կոչված է ծառայելու հայ արվեստին, մշակույթին և հոգևոր արժեքներին:
2006 թվականի սեպտեմբերին իր գործունեության սկիզբն ազդարարեց «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնը, որի նպատակն է՝ աջակցել պատերազմից ավերված և այնուհետև ծանր դժվարությունների ենթարկված քաղաքի մշակութային զարթոնքին, տարածաշրջանում կապ հանդիսանալ արվեստագետների ու արվեստասեր հասարակության միջև, կրթական ծրագրեր իրականացնել նոր սերնդի հայեցի դաստիարակման, մշակութային և ազգային արժեքների ճանաչման ու գնահատման ուղղությամբ, ազատ ստեղծագործելու և արվեստի բնագավառում մասնագիտական կողմնորոշում ձեռք բերելու հնարավորություն ընձեռել երիտասարդներին:
Նախկին ավերակների վրա կառուցված «Նարեկացի» արվեստի միության Շուշիի Կենտրոնի եռահարկ կառույցը համալրված է համերգասրահով, ցուցասրահով, գրադարանով, արհեստանոցներով, դասասենյակներով, վարչական գրասենյակներով, հյուրընկալության տրամադրված սենյակներով և խոհանոցով։ Նա ունի նաև լայնածավալ բակ ու պարտեզ (ուր սարքված է բացօդյա թատերական տարածք), և հարակից գործածելի կառույցներ:
ՆԱՄ Շուշիի կենտրոնում ևս ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները հաշմանդամների ազատ տեղաշարժման համար, ինչի շնորհիվ հաշմանդամ աշակերտներ, անձնակազմի անդամներ, արվեստագետներ, հյուրեր, արվեստասերներ և համայն հանրությունը հնարավորություն ունեն հավասարապես մասնակցելու Կենտրոնի կյանքին։
Կենտրոնում գործում են գեղանկարչության, դաշնամուրի, ասմունքի, դիզայներական աշխատանքների, համակարգչային գիտելիքների ուսուցման, տիկնիկային թատրոնի, կարպետագործության, հեղինակային երգի, պարի, երաժշտական, թատերական, փայտափորագրության, արտ-թերապիայի, լուսանկարչության, անգլերեն լեզվի դասարաններ և երգչախումբ, որոնց դասընթացներին հաճախում են բազմաթիվ երեխաներ։
Ուսումնական տարվա ընթացքում պարապունքներին զուգահեռ կազմակերպվում են նաև տարբեր միջոցառումներ` ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, հանդեսներ, ֆիլմերի ցուցադրում և այլն։ Մշակույթի ճամբով նաև ազգային արժեքների տեր կանգնող այս միջոցառումները կազմակերպվում են հիմնականորեն ՆԱՄ Շուշիի կենտրոնի շենքում, սակայն նաև պարբերաբար Ստեփանակերտում ու Արցախի այլ շրջաններում: Կենտրոնի գործունեության ընթացքում իրականացվում են բազմատեսակ միջոցառումներ ու ծրագրեր, ինչպես կենտրոնի սաների, այնպես էլ ՀՀ-ից և արտերկրից ժամանած արվեստագետների մասնակցությամբ։
«Նարեկացի» արվեստի միությունը նաև, սիրահոժար կերպով, տեղ է տրամադրում բոլոր անոնց, որոնք, լինեն Արցախից, Հայաստանից կամ Սփյուռքից, կը փափաքին իրենց հատուկ ծրագիրները իրագործել Միության Կենտրոններում: Այսպես է որ, օրինակի համար, 2007 թվականից սկսած Կանատաբնակ Հայդուկ և Աիդա Շամլյանները, 2005 թվից Շուշիում իրենց ստեղծած «Արամ Մանուկեան» ամառային ճամբարը տեղափոխեցին ՆԱՄ Շուշիի նորակերտ Կենտրոն, և այնուհետև ամեն ամառ, իրենց ընտանեկան և ընկերական շրջանակի նյութական զորակցությամբ, անոնք շարունակում են իրենց այդ յուրահատուկ ծրագիրը կազմակերպել և իրականացնել սույն Կենտրոնի հարկի տակ: (Այս մասին հավելյալ տեղեկությունների համար՝ http://www.shoushisummercamp.org ): ՆԱՄ-ի Կետրոնների դռները միշտ բաց են նույնանման նվիրյալ գործիչների և անոնց ծրագիրների առջև, որպեսզի ՆԱՄ-ը, իր առաքելության ծիրում, առավելագույն չափով ծառայի Հայությանը և Մայր Հայրենիքին:
Թիմ
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։