×

«Միավորվելով արվեստի միջոցով» | «Արվեստի և մարդու իրավունքների առնչությունները»

2020-02-22 11:00 | Naregatsi Art Institute

Փետրվարի 22-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Միավորվելով արվեստի միջոցով» ծրագրի հերթական միջոցառումը, որն իրականացվում է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ:

«Արվեստի և մարդու իրավունքների առնչությունները» խորագրի ներքո՝ փաստաբան Անահիտ Հակոբյանը և երաժշտագետ, հասարակական գործիչ Դանիել Երաժիշտը ներկայացրեցին իրավունքի սկզբունքների և տարբեր ճյուղերի արտացոլումը՝ արվեստում։

Բնական և պոզիտիվ իրավունքների համատեքստում ներկայացվեց արվեստի հետ շփվող մարդու դերը հասարակության մեջ, որպես բարոյական բարձր հատկանիշներով օժտված քաղաքացի։ Փաստաբան Անահիտ Հակոբյանի կարծիքով, արվեստի մարդը ներքին բարոյական նորմերից ելնելով չի կատարում իրավախախտում, և եթե բոլոր մարդիկ արվեստով զբաղվեին, ապա օրենքների կարիք չէինք զգա, մարդկությունը կինքնակազմակերպվեր։
Դանիել Երաժիշտը հաստատեց այդ մոտեցումը, հղում կատարելով Պլատոնի «Պետություն» աշխատությանը, որտեղ հույն փիլիսոփան ընդգծում է, որ պետությունը կարող է քայքայվել, եթե մարդիկ դադարեն ազնիվ երաժշտություն լսել։ Այդ աշխատության մեջ Պլատոնը խորհուրդ է տալիս լսել այն երաժշտությունը, որը մարդու մեջ վեհություն է սերմանում, այլ ոչ՝ խռովություն։

Անդրադառնալով հայրերի և որդիների հակադրության հավերժական խնդրին, որտեղ հայրերը հանդիսանում են իրավունք սահմանափակող, իսկ զավակները՝ ազատություններ նվաճողներ, Դանիել Երաժիշտը ներկայացրեց Ի.Ս. Բախի «Սուրճի կանտատը», որը արտացոլում է հոր և դստեր հակադրությունը՝ սուրճ խմելու շուրջ։

Մարդու ազատության և արդարության ձգտումը հակադրվում է բռնությանն ու բռնապետությանը, և արվեստում մշտապես արտացոլվել է այդ հակազդեցությունը։ Այս համատեքստում ներկայացվեց Բեթհովենի 3-րդ սիմֆոնիայի ստեղծման պատմությունը։
Դանիել Երաժշտի ներկայացմամբ՝ ֆրանսիական հեղափոխության արժեքներով ոգևորված Բեթհովենը 1804 թվականին գրեց իր երրորդ սիմֆոնիան։ Սակայն, ավելի ուշ՝ տեսնելով Նապոլեոնի բռնապետական մղումները, Բեթհովենը պատռում է սիմֆոնիայի տիտղոսաթերթը, այդպիսով դատապարտելով բռնատիրական ռեժիմները։

Ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքը արտացոլվել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում, որն իր արտացոլումն է գտել նաև երաժշտության մեջ։
Ինչպես նշեց Դանիել Երաժիշտը. « Հայ ժողովուրդն ունի օրացուցային երգեր, որոնցում փաստական-իրավական շեշտադրումներ կան։ Իսկ դա ազգային-ազատագրական պայքարի վավերագրում է, օրացուցային երգերը ինքնության պահպանության իրավունքի համար մղվող պայքարի նմուշներ են»։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։