«Միավորվելով արվեստի միջոցով»
2020-03-07 11:00 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Միավորվելով արվեստի միջոցով» ծրագրի հերթական միջոցառումը, որն իրականացվում է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ:
«Աշխատանքի իրավունքը և ազնիվ քաղաքացու կերպարը ժամանակակից Հայաստանում» խորագրի ներքո ծրագրի մասնակիցները հանդիպում ունեցան փաստաբան, դասախոս, Հանրային խորհրդի անդամ, Եվրոպայի խորհրդի փորձագետ, հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանի հետ:
Հանդիպման առաջին մասում խոսվեց աշխատանքային իրավունքների, իսկ երկրորդ մասում անդրադարձ կատարվեց էթիկայի բարեվարքության, կոռուպցիայի, լավ կառավարման, բարեխղճության մասին:
-ՀՀ-ում իսկապես իրավական գրագիտության բարձրացման, իրավական մշակույթի զարգացման, իրավագիտակցության բարձրացման լուրջ անհրաժեշտություն կա: Խոսելով աշխատանքային իրավունքների մասին, պետք է նշեմ, որ գրեթե բոլոր միջազգային իրավական փաստաթղթերում՝թե՛ ՄԱԿ-ի, թե՛ Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված, որոնք ՀՀ-ի կողմից վավերացվել են, գրված է , որ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի իրավունք, սակայն մեր սահմանադրության մեջ, սկսած 1995 թվականից, գրված է, որ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք: Այս ձևակերպմամբ, մեր հեղինակները անիմաստ են համարում սահմանադրորեն նորմ նախատեսել, որը պետության վրա անիրատեսական պարտավորություն կդնի, այն է՝ Հայաստանում համատարած զբաղվածություն ապահովել,-նշեց Մարատ Ատովմյանը:
Բանախոսն այս երևույթը նաև պարզաբանեց՝ օրինակ բերելով ԽՍՀՄ-ի փորձը, ինչը սակայն, հիմնավորված է եղել զուտ գաղափարական տեսակետից, ըստ որի սոցիալիզմի ժամանակ գործազրկություն չկար: Իհարկե, այս գաղափարախոսությունը տնտեսական առումով հաջողված չի կարող համարվել: Այստեղ հարց է առաջանում, թե արդյոք շուկայական տնտեսություն ունեցող կապիտալիստական պետությունները, մշակելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Եվրոպական սոցիալական խարտիան, Մարդու տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և այլ միջազգային իրավական փաստաթղթեր, կհամաձայնեին իրենց վրա վերցնել բոլորին աշխատանքով ապահովելու պարտականություն:
-Իհարկե, ոչ. եթե հարցը դիտարկենք Եվրոպական սոցիալական խարտիայի տեսանկյունից ապա կարող ենք եզրահանգել, որ պետությունը ընդամենը պարտավորվում է վարել այնպիսի տնտեսական քաղաքականություն, որը հնարավորինս կնպաստի ազգաբնակչության զբաղվածության ապահովմանը, միջոցներ կձեռնարկի աշխատանքի և զբաղվածության ոլորտում խտրականության վերացման ուղղությամբ և կպաշտպանի աշխատողների իրավունքները: Սա այլ փիլիսոփայություն է, -նշեց Մարատ Ատովմյանը:
Բովանդակալից հանդիպման ավարտին Մարատ Ատովմյանը պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։