Միջոցառում ՆԱՄ-ում
2021-06-29 19:00 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտի և Անահիտ Հակոբյանի մասնակցությամբ տեղի ունեցավ հայ կոմպոզիտորների «Հզոր խմբակին» նվիրված միջոցառումը:
Հանդիպմանը Դանիել Երաժիշտը կարդաց դասախոսություն անվանի կոմպոզիտորներ Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Ադամ Խուդոյանի մասնագիտական գործունեության մասին, իսկ Անահիտ Հակոբյանը հանդես եկավ ասմունքով:
«Նրանց կենսագրությունը մի ողջ սերնդի ու պատմական շրջանի կենսագրությունն է, իսկ ստեղծագործությունները շարունակում են հնչել ոչ միայն հայ, այլև միջազգային բեմերում»,-նշեց մաեստրոն:
Հայ կոմպոզիտորների այս խումբը ներկայացնում է երկարատև համագործակցության փայլուն հնգյակ` մարդկային և ստեղծագործական առումներով, ինչը արտացոլվել է նրանց ներաշխարհի և կոմպոզիտորական կերպարի ձևավորման վրա։
Միջոցառմանը հնարավորություն եղավ հետևել նաև առցանց՝ Zoom հավելվածի միջոցով:
Միջոցառումն իրականացվեց «Միավորվելով արվեստի միջոցով» ծրագրի շրջանակում՝ «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ:
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։