Թատերական ներկայացման առաջնախաղ ՆԱՄ-ում
2025-08-29 19:00 | Naregatsi Art Institute
Սրտից սիրտ
Սույն թվականի օգոստոսի 29-ին «Նարեկացի» արվեստի միությունում «Ռոտոնդա» պատանեկան-երիտասարդական թատերախումբը մատուցեց «Իմ սրտի տունը» ներկայացումը։ Ստեղծագործության գաղափարը Չարի և Բարու պայքարն է, ինչը դրսևորվում է մարդկային դրական և բացասական հատկությունների բախման միջոցով։ Դրանք են մի կողմից Անտարբերությունը, Նախանձը, Ատելությունը, Վախը, մյուս կողմից՝ Ուրախությունը, Բարությունը, Համբերությունը Կարեկցանքը և այլն։ Յուրաքանչյուր մասնակից անձնավորում է, ներկայացնում է նշված հատկություններից մեկը։ Այդ ուժերի բախումը տեղի է ունենում ուրախությանը և բարին մարմնավորող հերոսուհու «սրտի տան» մեջ. տուն, ուր ներխուժոմ են, ջանում են զավթել չար ուժերը։ Դրանց վարքագիծը կարելի է արտահայտել հայտնի բանաձևով` «Այսօր հյուր, վաղը տեր»։ Եվ ասես բարին տեղի է տալիս՝ մի պահ տիրուհին էլ է չարանում, կորցնում հիշողությունը, իր ինքնությունը։ Բարեբախտաբար հայտնվում է Ճամփորդը՝ սթափեցնում տիրուհուն, ուժ տալիս նրան վերագտնելու իր ինքնությունը, լուսավոր կերպարը։ Ճամփորդը նրան հորդորում է օգնել, կարեկցել մարդկանց, բարեփոխել չարերին։ Եվ տիրուհին այդպես էլ անում է, պատրաստակամություն է հայտնում իր սրտում տեղ տալու աշխարհի բոլոր լավ մարդկանց, այդ թվում նաև այն պանծալի զինվորներին, ովքեր անմահացել են հանուն ՀԱՅՐԵՆԻ ՏԱՆ․․․ Տիրուհին կարողանում է բոլորին հաշտեցնել։ Նա իր սիրտը համեմատում է քաղաքի, հայրենիքի, երկնքի հետ։
Այս գողտրիկ ներկայացումը սերմանում է սեր, հաշտության, ներդաշնակություն, խաղաղություն՝ այն ամենը, ինչը տիեզերական հնչմամբ արտահայտվում է Բեթովենի 9-րդ սիմֆոնիայում, «Հանդիսավոր մեսսայում», որի հեղինակային բնաբանն է՝ «ՍՐՏԻՑ ՍԻՐՏ»։ Ահա այսպես էլ «Նարեկացի» արվեստի միության հյուրընկալ «սրտի տանը» միավորվեցին հանդիսատեսի և պատանի դերասանների սրտերը։
Ներկայացումն ընդունվեց մեծ խանդավառությամբ։ ՆԱՄ-ի հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյանն իր ամփոփիչ խոսքում բարձր գնահատեց պատանիների ջանասիրությունը, սերն առ արվեստ։ Ներկայացման յուրաքանչյուր մասնակցին նվիրեց «Աղբյուր» հանդեսը, որտեղ տպագրված էր նրանց խոսքը` իրենց գործունեության մասին։ Ն. Հարությունյանն արժևորեց հատկապես թատերախմբի ղեկավար Մարինե Ասատրյանի արգասաբեր աշխատանքը։
Առաջիկայում թատերախումը պատրաստվում է հյուրընկալվելու Գորիսում, Արտաշատում և այլուր։ Բարի երթ մաղթենք պատանի դերասաններին։
Դանիել Երաժիշտ
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։