«Ռոտոնդա»-ն Գյումրիում
2025-10-19 14:00 | Naregatsi Art Institute
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր դահլիճում տեղի ունեցավ «Նարեկացի» արվեստի միության «Ռոտոնդա» թատերախմբի «Իմ սրտի տունը» ներկայացումը։
2025թ․-ի աշնանը «Ռոտոնդա» թատերախումբը «Իմ սրտի տունը» ներկայացումով նախատեսել է հյուրախաղերով հանդես գալ Հայաստանի բոլոր մարզերով՝ մարզաբնակներին հաղորդակից դարձնելու երիտասարդ դերասանների արվեստին, մարտահրավեր նետելու կարծրատիպերին և խթանել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը։
«Ռոտոնդա» թատերախումբը «Իմ սրտի տունը» ներկայացումով արդեն իսկ գրավել էր Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի հանդիսատեսի սրտերը։ «Իմ սրտի տունը» ներկայացումը սիմվոլիկ պատմություն է այն տարբեր հույզերի մասին, որոնք ապրում են ամենքիս սրտում և միայն մեզանից է կախված, թե դրանցից որը գլուխ կբարձրացնի։
Բեմադրող ռեժիսոր՝ Մարինե Ասատրյան Նկարչական ձևավորումը՝ Աղասի Մելքոնյանի
Արվեստների և արհեստների մայրաքաղաք Գյումրիի դրամատիկ թատրոնի փոքր դահլիճը լեփ լեցուն էր հանդիսատեսով։ Երիտասարդ դերասանների կողմից ներկայացված հուզող և ուսուցանող պատմությունը արժանացավ երկարատև ծափահարությունների։
Ներկայացման վերջում, ջերմ հյուրընկալության համար, շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Յարութիւնեանը և հուշանվերներ հանձնեց Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնին, Գյումրիի թիվ 5, 10, 11, 25, 28, 45 դպրոցների ուսուցիչներին և աշակերտներին, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «Նպաստել Հայաստանում` բոլորի համար, ներառական, համապատասխան եւ որակյալ կրթության կայացմանը» ծրագրի համագաղափարակիր ուսանողներին, Շիրակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի աշխատակիցներին։
Նախագիծն իրականացվում է «Արվեստը որպես փոփոխությունների խթան» ծրագրի շրջանակում «Նոր ժողովրդավարության հիմնադրամի» աջակցությամբ։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։