×

«Ռոտոնդա»-ն Եղեգնաձորում

2025-10-04 13:00 | Naregatsi Art Institute

Մարզային հյուրախաղերի շրջանակում «Նարեկացի» արվեստի միության «Ռոտոնդա» ներառական թատերախումբը այս անգամ այցելեց Վայոց ձոր:

Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի հյուրընկալ ու հարմարավետ դահլիճում կայացավ «Իմ սրտի տունը» ներկայացումը, որը սիմվոլիկ պատմություն է այն տարբեր հույզերի մասին, որոնք ապրում են ամենքիս սրտում և միայն մեզանից է կախված, թե դրանցից որը գլուխ կբարձրացնի։

Ներկայացման բեմադրող ռեժիսորը, թատերախմբի ղեկավար Մարինե Ասատրյանն է, նկարչական ձևավորումը՝ Աղասի Մելքոնյանինը։

Չնայած ոչ ուսումնական օրվան, դպրոցը լի էր աշակերտներով, ովքեր հիանալի հանդիսատես էին, ներկայացում դիտելու գրագետ իմացությամբ և ներկայացման բովանդակությանը ներդաշնակ մասնակից:

Շնորհակալություն ենք հայտնում Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրինությանը և բոլոր ներկաներին իրենց սրտի անկյունում մեզ համար տեղ գտնելու համար։

Հատուկ շնորհակալություն «Վայոց ձոր» համացանցային հեռուստաընկերության հեղինակ, լրագրող և հաղորդավարուհի Արևիկ Դանիելյանին, ով իր սեփական մտահղացմամբ և ուժերով ստեղծել է իր լրատվամիջոցը և պատրաստակամ է լուսաբանել հարազատ մարզի խնդիրներն ու ձեռքբերումները։
Նախագիծն իրականացվում է «Արվեստը որպես փոփոխությունների խթան» ծրագրի շրջանակում «Նոր ժողովրդավարության հիմնադրամի» աջակցությամբ։

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։