«Ռոտոնդա»-ն Գավառում
2025-10-11 14:00 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միության «Ռոտոնդա» ներառական թատերախումբը, շարունակելով իր մարզային հյուրախաղերի ծրագիրը, այցելեց Գեղարքունիքի մարզկենտրոն՝ Գավառ։
Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի հյուրընկալ բեմում կայացավ «Իմ սրտի տունը» ներկայացումը, որը հրաշալի ընդունվեց ու բուռն ծափահարություններով գնահատվեց փոքր և մեծ հանդիսատեսի կողմից։
Շնորհակալություն ենք հայտնում Գեղարքունիքի մարզպետարանին, Լ․ Քալանթարի անվան թատրոնի ղեկավարությանն ու անձնակազմին պատրաստակամության և հյուրընկալության համար, ինչպես նաև Գավառի, Կարմիրգյուղի, Գանձակի, Գեղարքունիքի և Սարուխանի դպրոցների ուսուցիչներին, աշակերտներին և բոլոր ներկաներին իրենց սրտի անկյունում մեզ համար տեղ գտնելու համար։
Միջոցառման ավարտին «Ռոտոնդա» թատերախմբի ղեկավար Մարինե Ասատրյանը ասաց․ «Այսօր 44-օրյա պատերազմում զոհված, «Ռոտոնդա» թատերախմբի դերասան Կարեն Բաթմանյանի հիշատակի օրն է, և այս ներկայացումը նվիրված է իրեն՝ երիտասարդ հերոսին ու բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հայրենիքի պաշտպանության համար»։
Նախագիծն իրականացվում է «Արվեստը որպես փոփոխությունների խթան» ծրագրի շրջանակում «Նոր ժողովրդավարության հիմնադրամի» աջակցությամբ։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։