Հոբելյանական երեկո ՆԱՄ-ում
2026-10-16 19:00 | Naregatsi Art Institute
«Նարեկացի» արվեստի միությունում նշվեց Հակոբ Խալաթյանի հոբելյանական երեկոն
Հոկտեմբերի 16-ին «Նարեկացի» արվեստի միությունում կայացավ քամանչահար, մանկավարժ և գեղանկարիչ Հակոբ Խալաթյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն։ Երեկոն մեկնարկեց հոբելյարի կատարումով, որից հետո երաժիշտն իրեն բնորոշ գեղարվեստականությամբ պատմեց իր անցած ուղու մասին։
Խալաթյանի խոսքով՝ քամանչայի հետ նրա կապը տասնամյակների պատմություն ունի. «70 տարիներից 57-ը քամանչան ձեռքիս է, որոնցից 51-ը՝ պրոֆեսիոնալ»։
Երաժշտական արվեստին զուգահեռ՝ Խալաթյանն իր ստեղծագործական մուսան ներկայացնում է գեղանկարչությամբ։ Շուրջ 540 կտավի հեղինակ է, Հայաստանում ու Ռուսաստանում ունեցել է տասը համերգ-ցուցահանդես։ «Նարեկացի» արվեստի միության ցուցասրահում ներկայացված էին նրա գեղանկարչական աշխատանքները։
Վարպետի ստեղծագործական գործունեության առանցքային ուղղություններից է քամանչայի կատարողական հնարավորությունների ընդլայնումը։ Ավանդաբար ժողովրդական համարվող այս նվագարանով նա կոտրել է կարծրատիպերը՝ ապացուցելով դրա հնարավորությունները դասական խոշորակտավ երկերում։ Նա քամանչայով փոխադրել և կատարել է Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը», ինչպես նաև Էդուարդ Բաղդասարյանի «Ռապսոդիան»՝ ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար։ Վերջինս 1996 թվականին հնչել է Հայաստանի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ Օհան Դուրյանի գեղարվեստական ղեկավարությամբ և Դավիթ Թերզյանի դիրիժորությամբ։
Խալաթյանի կատարողական արվեստը բարձր են գնահատել հայ հայտնի կոմպոզիտորներ Ռոբերտ Պետրոսյանը, Խաչատուր Ավետիսյանը, Ռուբեն Ալթունյանը, Ստեփան Շաքարյանը և Մանվել Բեգլարյան։ Քքամանչայի համար գրված որոշ ստեղծագործություններ նրանք նվիրել են հենց Խալաթյանին՝ որպես առաջին կատարողի։
«Երբ երաժիշտը կատարում է, նա պիտի այնպես ներկայացնի, որ օտարի համար անգամ հասկանալի լինի իր հայ լինելը, որ կարողանան հասկանալ, թե հայկական երաժշտությունն ինչով է տարբերվում այլ ժողովուրդների ներկայացրածից», - ընդգծում է Խալաթյանը։
Հակոբ Խալաթյանը տասնամյակներ աշխատել է Հայաստանի ժողովրդական գործիքների նվագախմբում, Կիրովականի (ներկայում՝ Վանաձոր) «Հորովել» երգի-պարի, Հայաստանի ռադիոյի ժողովրդական գործիքների, Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի վաստակավոր անսամբլներում։ Համերգային տուրերով ելույթ է ունեցել աշխարհի շուրջ 30 երկրում, զուգահեռաբար զբաղվել մանկավարժությամբ, իսկ 2017–2020 թթ․աշխատել ու ստեղծագործել է Արցախում՝ Շուշիում և Ստեփանակերտում։
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։