Բանախոսություն ՆԱՄ-ում
2026-10-20 19:00 | Naregatsi Art Institute
Հոկտեմբերի 20-ին, ժամը 19։00-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Շողեր Խաչատրյանի՝ «Իսահակյանի ձեռագրերի աշխարհում» խորագիրը կրող բանախոսությունը։
Ավետիք Իսահակյանի ծննդյան օրվան ընդառաջ՝ Շողեր Խաչատրյանը կներկայացնի Վարպետին մեկ այլ՝ ընթերցողին մինչ այժմ անհայտ կողմից՝ հիմնվելով հիմնականում գրողի ծոցատետրերի, օրագրերի ու նամակների վրա։
Երբ 1977 թ. Արամ Ինճիկյանը տպագրության պատրաստեց Ավետիք Իսահակյանի «Հիշատակարանը»՝ բանաստեղծի գրառումների տարբեր տետրերից հավաքելով ու համակարգելով գրեթե ամբողջ բնագիրը, օրագրային հարուստ նյութը մտավ գիտական շրջանառության մեջ և սկսեց հաճախակի օգտագործվել Իսահակյանի կյանքի և ստեղծագործության այս կամ այն կողմը քննելիս:
Ամբողջական օրագրերի հրապարակումից հետո անտիպ մնաց բանաստեղծի ծոցատետրերի մի ստվար քանակություն:
Ծոցատետրային գրառումները Իսահակյանը կատարել է օրագրային գրառումներին զուգահեռ, երբեմն՝ դրանց փոխարեն։ Ծոցատետրերում հավաքված են բովանդակությամբ, բնույթով ու ձևով տարատեսակ գրառումներ: Դրանք կարևոր աղբյուր են բանաստեղծի կյանքի, աշխարհընկալման, ստեղծագործական աշխատանքի ուսումնասիրման համար:
Ծոցատետրային գրառումների գերակշիռ մասը դեռևս անտիպ է և անծանոթ ոչ միայն ընթերցողների լայն շրջաններին, այլև շատ մասնագետների:
Դրանք հրապարակվելու են Ավետիք Իսահակյանի ակադեմիական հրատարակության 10-րդ հատորում, որը լույս կտեսնի 2027 թ.։
Շողեր Խաչատրյանն ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ավետիք Իսահակյանի օրագրերը և հուշագրությունը» վերնագրով։
Աշխատում է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։
9 գիտական հոդվածի, բնագրագիտական 2 աշխատանքի և 1 մենագրության հեղինակ է:
Մուտքն ազատ է։
Հասցե՝ ք․ Երևան, Վարդանանց 16/1
Հեռ․ +374 10 580105
www.naregatsi.org
Աջակցեք Մշակույթին
Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։