×

«Դեպի լույս» ալբոմ-սկավառակ

2022-11-29 | Naregatsi Art Institute

«Նարեկացի» արվեստի միությունը 2022թ.հրատարակել է«Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի «Դեպի լույս» ալբոմ-սկավառակը, որտեղ ընդգրկված են հոգևոր, ժողովրդական երգերի և պարեղանակների մշակումներ:

Նվագախմբի բազմաժանր ծրագիրն ունի հարուստ ներկապնակ և լայն շառավիղ։ Այն ընդգրկում է Գրիգոր Նարեկացուց մինչև Կոմիտաս, Առնո Բաբաջանյան, Խաչատուր Ավետիսյան, Ռոբերտ Պետրոսյան, Խաչատուր Ներսիսյան, Արմեն Մանդակունյան, Ծովինար Հովհաննիսյան, Մանվել Բեգլարյան, Անդրանիկ Ներսիսյան։

Բացի հեղինակային գործերից, ծրագրում տեղ են գտել նաև փոխադրություններ, մշակումներ և գործիքավորումներ, որոնք իրականացրել են Հովիկ Սահակյանը, Գրիգոր Առաքելյանը, Անահիտ Հարությունյանը, Կոմիտաս Քեշիշյանը և այլք։ Ըստ ժանրերի, ներկայացված են հոգևոր, ժողովրդական երգերի և պարեղանակների մշակումներ։ Հոգևոր երգերն են «Հաւուն, հաւուն»-ը, «Սուրբ, սուրբ»-ը, ժողովրդական նմուշներն են «Դլե յաման», «Քելեր, ցոլեր», «Հոդալլո ջան» երգերը: Պարեղանակներն են «Հետ ու առաջ»-ը, «Շիրակի շուրջպար»-ը, «Շուշան»-ը:

Իսկ Ալեքսանդր Սպենդիարյանի «Պարսկական քայլերգը» և Էդգար Հովհաննիսյանի «Սարդարապատ» երգը ցույց են տալիս, թե ինչպիսի լայն հնարավորություններ ունի ժողովրդական նվագարանների անսամբլը։

Երիտասարդներից կազմված «Նովա» նվագախմբի ձայնասկավառակը լույս է տեսնում ճիշտ ժամանակին, քանի որ մեր օրերում սաստկանում է մշակութային պատերազմը, որը համահարթեցնում է, փոշիացնում ազգային արժեքներն ու ավանդույթները։ Մինչդեռ «Նովայի» երաժշտությունը ոչ միայն ճառագում է սեր, հավատ, այն մեծապես նպաստում է ազգային ինքնության պայծառացմանը և դիմում գալիքին, արձագանքում «Սարդարապատի» զանգերին.

Զանգե՛ր, ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար պատից։
Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից։

ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏ

Աջակցեք Մշակույթին

Նարեկացի Արվեստի Ինստիտուտը ԱՄՆ-ում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է (501(c)(3))՝ գլխամասային գրասենյակներով Երևանում և Շուշիում։